Ecclesiastes 7
1 Բարի անունը թանկարժեք յուղերից լավ է, և մահվան օրը՝ ծննդյան օրից։
2 Լավ է սգի տուն գնալ, քան թե խնջույքի տուն, որովհետև սա՛ է ամեն մարդու վերջը, և ապրողը դա իր սրտի մեջ պիտի պահի։
3 Վիշտը ծիծաղից լավ է, որովհետև դեմքի տխրությամբ սիրտն ուրախանում է։
4 Իմաստունների սիրտը սգի տանն է, իսկ անմիտների սիրտը՝ ուրախության տանը։
5 Լավ է իմաստունների կշտամբանքը լսել, քան թե անմիտների երգը։
6 Որովհետև ինչպես փշերի ձայնն է կաթսայի տակ, այնպես էլ՝ անմիտի ծիծաղը. սա էլ է ունայն։
7 Որովհետև բռնությունը խենթացնում է իմաստունին. իսկ կաշառքն ապականում է միտքը։
8 Ավելի լավ է մի բանի վախճանը, քան նրա սկիզբը. համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է։
9 Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում։
10 Մի՛ ասա. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը այս օրերից լավը», որովհետև իմաստությունից չէ, որ հարցնում ես այս բանը։
11 Իմաստությունը լավ է ժառանգության հետ և օգտակար է արեգակը տեսնողների համար։
12 Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։
13 Նայի՛ր Աստծու գործին. որովհետև ո՞վ կարող է ուղղել նրա ծռածը։
14 Բարօրության օրը ուրա՛խ եղիր և չարիքի օրը՝ զգուշավոր. Աստված թե՛ մեկը, թե՛ մյուսը ստեղծեց, որ մարդ իրենից հետո լինելիք ոչ մի բան չգտնի ։
15 Ամեն բան տեսա իմ ունայնության օրերում. արդար կա, որ կորչում է իր արդարության մեջ, և անիրավ կա, որ երկարացնում է իր կյանքը իր անիրավության մեջ։
16 Չափազանց արդար մի՛ եղիր և քեզ չափազանց իմաստուն մի՛ կարծիր. ինչի՞ համար քեզ կործանես ։
17 Խիստ ամբարիշտ մի՛ եղիր և անխելք մի՛ եղիր. ինչի՞ համար տարաժամ մեռնես։
18 Լավ է, որ մեկին բռնես և մյուսից էլ ձեռքդ չքաշես, որովհետև Աստծուց վախեցողը ամեն ինչից դուրս կգա։
19 Իմաստությունն իմաստունին ավելի ուժ կտա, քան թե մի քաղաքում եղող տասը իշխանները այդ քաղաքին։
20 Իրոք որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարին անի և երբևէ մեղք չգործի։
21 Սիրտդ մի՛ տուր ասված ամեն խոսքի, որպեսզի չլսես, որ ծառադ անիծում է քեզ։
22 Որովհետև քո սիրտն էլ իմացել է, որ շատ անգամ դու էլ ուրիշներին ես անիծել։
23 Այս ամենը փորձարկեցի իմաստությամբ, ասացի. «Ես իմաստուն կլինեմ», բայց այն ինձանից հեռու էր։
24 Այն, ինչ եղել է, հեռու է և խորը՝ խորունկ. ո՞վ կարող է գտնել այն։
25 Ես իմ միտքը շրջեցի, որ գիտենամ և քննեմ, իմաստություն և նշանակություն փնտրեմ և իմանամ, որ չարությունը ապուշություն է, իսկ անխելքությունը՝ խենթություն։
26 Ես մահից ավելի դառը գտա այն կնոջը, որի սիրտը ցանցեր և ուռկաններ են, ձեռքերը՝ կապանքներ։ Աստծու առաջ հաճելի եղողը կազատվի նրանից, իսկ մեղավորը կբռնվի նրա մեջ։
27 Ահավասիկ սա՛ եմ գտել,- ասում է Ժողովողը,- մի բան մյուսին ավելացնելով՝ գտնել իրերի նշանակությունը.
28 Հոգիս տակավին փնտրում է, բայց ես չեմ գտել։ Մի տղամարդ եմ գտել հազարից, բայց այս բոլորի մեջ մի կին չգտա։
29 Սակայն ես միայն սա գտա. որ Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց նա շատ հնարքներ փնտրեց։