Colossians 2
1 Կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի՛ պայքար եմ մղում ձեզ և լաոդիկեցիների համար, նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ անձամբ չեն տեսել,
2 որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ սիրով միմյանց միանալով, և ամենայն ճոխությամբ հասնեն կատարյալ իմաստության, այսինքն՝ Աստծու և Հոր և Քրիստոսի խորհուրդը ճանաչելուն,
3 որի մեջ են թաքնված իմաստության և գիտության բոլոր գանձերը։
4 Այս ասում եմ, որպեսզի ոչ ոք ձեզ հրապուրիչ խոսքերով չմոլորեցնի։
5 Քանի որ թեև մարմնով բացակա եմ, բայց հոգով ձեզ հետ եմ՝ տեսնելով ձեր ընթացքը և Քրիստոսի հանդեպ ձեր հավատի հաստատությունը և ուրախանալով։
6 Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝
7 արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։
8 Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։
9 Որովհետև նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։
10 Եվ դուք էլ նրանով լցվեցիք, որովհետև նա է ամեն իշխանության և պետության գլուխը։
11 Նրանով դուք անձեռակերտ թլփատությամբ թլփատվեցիք՝ Քրիստոսի թլփատությամբ մարմնական մեղքերի մարմնից մերկանալով,
12 նրա հետ մկրտությամբ թաղվեցիք, որով էլ նրա հետ հարություն առաք՝ հավատալով Աստծու զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան։
13 Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։
14 Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց,
15 իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով։
16 Արդ թող ոչ ոք ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տոնական օրվա կամ ամսամուտի կամ շաբաթը պահելու համար։
17 Սրանք գալիքի ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։
18 Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ և հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, և անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով.
19 այդպիսի մեկը չի պահում Գլուխը, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, աճում է, և Աստված է աճեցնում։
20 Արդ եթե Քրիստոսի հետ մեռաք և ազատվեցիք այս աշխարհի սկզբունքներից, էլ ինչո՞ւ եք ապրում այս աշխարհում այսպիսի կանոններով՝
21 «Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր»։
22 Դրանք բոլորը նախատեսված են գործածվելու ապականության համար, ինչպես մարդկանց կողմից ստեղծված պատվիրաններն ու վարդապետությունները,
23 որոնք արտաքուստ իմաստության կերպարանք ունեն՝ կամային պաշտամունքով, կեղծ խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և մարմինը բավարարելուն են ծառայում։