Colossians 1
1 Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծու կամքով, և Տիմոթեոս եղբայրը՝
2 Կողոսայում Քրիստոսով եղող սրբերին ու հավատացյալ եղբայրներին. Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ ձեզ և խաղաղություն։
3 Գոհություն ենք հայտնում Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ ամեն ժամ ձեզ համար աղոթելով,
4 երբ լսեցինք Հիսուս Քրիստոսի և բոլոր սրբերի հանդեպ ձեր ունեցած հավատի և սիրո մասին,
5 այն հույսի համար, որ ձեզ համար պահվում է երկնքում, որի մասին նախապես լսեցիք Ավետարանի ճշմարիտ խոսքով,
6 որ հասավ ձեզ և աճում ու պտղաբերում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ձեր մեջ այն օրից ի վեր, երբ լսեցիք ու Աստծու շնորհը ճշմարտորեն ճանաչեցիք,
7 ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը ձեզ համար Քրիստոսի հավատարիմ սպասավորն է։
8 Նա մեզ պատմեց հոգով ունեցած ձեր սիրո մասին։
9 Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ,
10 որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում նրան հաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք.
11 նրա փառքի զորությամբ ամբողջովին զորացած՝ ամեն համբերություն և համառություն կցուցաբերեք հալածանքների հանդեպ ուրախությամբ,
12 գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ,
13 որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց,
14 որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն։
15 Նա աներևույթ Աստծու պատկերն է՝ բոլոր արարածներից առաջ ծնված,
16 որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները։ Ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։
17 Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ նրանով է իր տեղում։
18 Եվ նա է մարմնի, այսինքն՝ եկեղեցու գլուխը. նա է սկիզբը, մեռելներից անդրանիկը, որպեսզի ամեն բանում նա լինի առաջինը։
19 Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ նրա ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի,
20 և նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։
21 Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով,
22 հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ,
23 որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, և որին ես՝ Պողոսս, սպասավոր դարձա։
24 Հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, որ կրում եմ ձեզ համար, և իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը՝ հօգուտ նրա մարմնի, որ եկեղեցին է,
25 որի սպասավորը եղա ես ըստ Աստծու այն տնտեսության, որ ինձ տրված է՝ ձեզ Աստծու խոսքը քարոզելու,
26 այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ, իսկ հիմա հայտնվեց իր սրբերին։
27 Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը,
28 որ մենք քարոզում ենք՝ ամեն մարդու խրատելով և ամեն մարդու ուսուցանելով ամենայն իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։
29 Դրա համար էլ աշխատում եմ՝ պայքարելով նրա ուժի չափով, որ զորությամբ գործում է իմ մեջ։