Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Acts 22

:
Armenian - 2018
1 «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, այժմ լսե՛ք իմ՝ ձեզ ուղղված պատասխանը»։
2 Երբ լսեցին, որ եբրայերեն լեզվով իրենց դիմեց, առավել ևս հանդարտվեցին։ Եվ ասաց.
3 «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոնում, դաստիարակված այս քաղաքում, կրթված Գամաղիելի ոտքերի մոտ՝ մեր հայրենի օրենքի ճշտության համաձայն։ Նախանձահույզ էի Աստծու նկատմամբ, ինչպես այսօր դուք բոլորդ։
4 Ես մինչև մահ հալածում էի այս ուղղությունը՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտերի մատնելով։
5 Ինչպես իմ մասին վկայում են քահանայապետը և ողջ ծերակույտը, նրանցից եղբայրներին ուղղված նամակներն առնելով՝ գնում էի Դամասկոս, որպեսզի այնտեղ գտնվողներին ևս կապելով՝ բերեի Երուսաղեմ՝ պատժվելու։
6 Երբ գնալիս Դամասկոսին էի մոտենում, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից շուրջս ուժեղ լույս փայլատակեց։
7 Ես ընկա գետնին և մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ"։
8 Ես պատասխանեցի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Եվ ինձ ասաց. "Ես Հիսուս Նազովրեցին եմ, որին դու հալածում ես"։
9 Ինձ հետ եղողները լույսը տեսնում էին, սակայն ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում։
10 Ես ասացի. "Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր"։ Տերն ինձ ասաց. "Վեր կաց գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես"։
11 Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնեցին, ու ես մտա Դամասկոս։
12 Անանիա անունով մի մարդ՝ օրենքին հավատարիմ և Դամասկոսում ապրող բոլոր հրեաների կողմից վկայված,
13 եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. "Սավո՛ւղ եղբայր, վերստին ստացի՛ր տեսողությունդ"։ Եվ ես նույն պահին տեսողությունս վերագտա ու տեսա նրան։
14 Եվ նա ինձ ասաց. "Մեր հայրերի Աստվածը քեզ նախասահմանեց, որ իր կամքը ճանաչես, Արդարին տեսնես ու նրա բերանից ձայնը լսես,
15 որպեսզի բոլոր մարդկանց առաջ նրա վկան լինես այն բաների մասին, որ տեսար ու լսեցիր։
16 Այժմ ինչո՞ւ ես հապաղում. վե՛ր կաց, մկրտվի՛ր ու լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով"։
17 Երբ ես Երուսաղեմ վերադարձա և տաճարում աղոթում էի, մտքի հափշտակության մեջ ընկա.
18 ես տեսա նրան, որ ինձ ասում էր. "Փութա՛, շտապ դո՛ւրս գնա Երուսաղեմից, որովհետև իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու"։
19 Իսկ ես ասացի. "Տե՛ր, նրանք գիտեն, որ ես էի բանտ նստեցնում և ժողովարաններում գանահարել տալիս քեզ հավատացողներին։
20 Եվ երբ քո վկայի՝ Ստեփանոսի արյունը թափվում էր, ես ինքս նրա մոտ կանգնած էի, հավանություն էի տվել նրա սպանությանը և պահում էի նրան սպանողների հագուստները"։
21 Բայց նա ինձ ասաց. "Գնա՛, որովհետև ես քեզ ուղարկելու եմ հեռու՝ հեթանոսների մոտ"»։
22 Մինչև այս խոսքը նրան լսում էին, բայց հետո իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև դա չպետք է ապրի»։
23 Եվ աղաղակելով հանում էին հագուստները, վեր գցում և փոշին օդ ցանում։
24 Հազարապետը հրամայեց նրան բերդ մտցնել՝ ասելով. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար են նրա դեմ այդպես աղաղակում»։
25 Երբ նրան կաշեփոկերով պինդ կապեցին, Պողոսն իր մոտ կանգնած հարյուրապետին ասաց. «Թույլատրվո՞ւմ է ձեզ ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։
26 Երբ հարյուրապետը լսեց, մոտեցավ հազարապետին ու ասաց. «Ի՞նչ ես պատրաստվում անել, որովհետև այս մարդը Հռոմի քաղաքացի է»։
27 Հազարապետը մոտեցավ ու նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես». նա պատասխանեց. «Այո՛»։
28 Եվ հազարապետն ասաց. «Ես մեծ դրամագլխով եմ ստացել այս քաղաքացիությունը»։ Իսկ Պողոսն ասաց. «Ես ծնունդով իսկ քաղաքացի եմ»։
29 Ուստի նրանք, ովքեր հարցաքննելու էին, իսկույն հեռացան նրանից։ Հազարապետը ևս վախեցավ, երբ իմացավ, որ հռոմեացի է, որովհետև կապանքի տակ էր պահել նրան։
30 Հաջորդ օրը հազարապետը, ցանկանալով հրեաների ամբաստանության մասին ճշմարտությունն իմանալ, Պողոսին կապերից արձակեց և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը։ Իսկ Պողոսին բերեց և նրանց առաջ կանգնեցրեց։