Acts 21
1 Մենք, նրանցից բաժանվելով, դուրս եկանք և ուղիղ գնացինք Կոս, հաջորդ օրը՝ Հռոդոս, այնտեղից էլ՝ Պատարա։
2 Մի նավ գտանք, որ Փյունիկե էր գնում. նրա մեջ մտանք ու գնացինք։
3 Եվ երբ Կիպրոսը երևաց, այն ձախ կողմում թողեցինք ու նավը դեպի Ասորիք ուղղեցինք, իջանք Տյուրոս, որովհետև նավը բեռն այնտեղ պետք է թափեր։
4 Եվ աշակերտներին գտնելով՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չելնի։
5 Եվ երբ այնտեղ լրացան մեր այդ օրերը, դուրս եկանք, գնացինք մեր ճամփան. բոլորը՝ կանանցով ու երեխաներով, մեզ ճանապարհ գցեցին մինչև քաղաքից դուրս։ Եվ ծովեզրին ծունկ չոքեցինք, աղոթեցինք
6 ու հրաժեշտ տվեցինք։ Ապա նավ բարձրացանք, իսկ նրանք վերադարձան իրենց տները։
7 Մենք էլ, ծովային ճանապարհորդությունն ավարտելով, Տյուրոսից դուրս եկանք, հասանք Պտողեմայիս, եղբայրներին ողջույն տվեցինք ու նրանց մոտ մի օր մնացինք։
8 Հաջորդ օրը Պողոսը և մենք՝ նրա ընկերները, այդտեղից դուրս եկանք Կեսարիա և Փիլիպպոս ավետարանչի տունը մտնելով, որն այն յոթից մեկն էր, նրա մոտ մնացինք։
9 Նա չորս կույս աղջիկներ ուներ, որոնք մարգարեություն էին անում։
10 Եվ երբ մենք այնտեղ շատ օրեր մնացինք, Հրեաստանից մի մարգարե իջավ, անունը՝ Ագաբոս։
11 Նա մեզ մոտ եկավ, Պողոսի գոտին վերցրեց, իր ձեռքերն ու ոտքերը կապեց և ասաց. «Սուրբ Հոգին այսպես է ասում. "Այն մարդուն, որի գոտին է սա, հրեաները Երուսաղեմում այսպես կկապեն ու հեթանոսների ձեռքը կմատնեն"»։
12 Եվ երբ այս լսեցինք, մենք և այնտեղացիներն էլ աղաչում էինք, որ Երուսաղեմ չելնի։
13 Այդ ժամանակ Պողոսն ասաց. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում և սիրտս ճմլում. որովհետև ես ոչ միայն բանտարկվելու, այլ Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում մեռնելու էլ պատրաստ եմ»։
14 Եվ երբ նա չհամոզվեց, լուռ մնացինք ու ասացինք. «Տիրոջ կամքը թող լինի»։
15 Այդ օրերից հետո պատրաստված Երուսաղեմ ելանք։
16 Այն կեսարացի աշակերտներից էլ մեզ հետ եկան. մեզ Մնասոն անունով մի կիպրացի մարդու՝ վաղ ժամանակից աշակերտի մոտ տարան, որ նրա մոտ մնայինք։
17 Եվ երբ մենք Երուսաղեմ հասանք, եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին։
18 Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ գնաց. բոլոր երեցներն էլ ներկա էին։
19 Եվ նրանց ողջույն տալով՝ մեկ առ մեկ պատմում էր, ինչ որ Աստված հեթանոսների մեջ արեց իր ծառայությամբ։
20 Նրանք, լսելով, փառաբանում էին Տիրոջը և ասում էին նրան. «Եղբա՛յր, տեսնո՞ւմ ես, քանի՜ բյուր հավատացյալ հրեաներ կան. ամենքն էլ օրենքի նախանձախնդիրներ են։
21 Բայց քո մասին իմացել են, որ հեթանոսների մեջ եղող բոլոր հրեաներին սովորեցնում ես Մովսեսի օրենքից հրաժարվել՝ ասելով, որ իրենց երեխաներին չթլփատեն և հրեական ավանդույթները չպահեն։
22 Հիմա ի՞նչ կլինի. անպատճառ բազմությունը կհավաքվի, որովհետև կլսեն, որ եկել ես։
23 Հիմա ա՛յս արա, ինչ որ քեզ ասում ենք. մեր մեջ չորս մարդիկ կան, որոնք իրենց անձերի վրա երդում են արել։
24 Նրանց վերցրո՛ւ և նրանց հետ սրբվի՛ր. նրանց ծախսերը հոգա՛, որ գլուխներն ածիլեն, ու բոլորը գիտենան, թե ինչ որ քո մասին իմացել են, ճիշտ չէ, այլ որ դու էլ ես շարունակում օրենքը պահել։
25 Բայց այն հավատացյալ դարձած հեթանոսների վերաբերյալ մենք լուր ուղարկեցինք՝ որոշելով, որ նրանք այդպիսի բան չպահեն, այլ միայն զգուշանան կուռքին զոհվածից, արյունից, խեղդվածից և պոռնկությունից»։
26 Այդ ժամանակ Պողոսն այն մարդկանց վերցրեց, հաջորդ օրը նրանց հետ սրբվելուց հետո մտավ տաճար՝ սրբության օրերի ավարտվելն իմաց տալու, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի համար ընծա մատուցվի։
27 Եվ երբ այն յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները նրան տաճարում տեսան. ողջ ամբոխը նրա գլխին հավաքվեց, և նրան բռնելով՝
28 աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, օգնեցե՜ք. սա այն մարդն է, որ ժողովրդին, օրենքին և այստեղին հակառակ՝ ամենուրեք բոլորին քարոզում է, մինչև իսկ հույների էլ է տաճար մտցրել և այս սուրբ տեղը պղծել»։
29 Որովհետև Տրոփիմոս Եփեսացուն առաջ նրա հետ քաղաքում տեսել էին և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է մտցրել։
30 Եվ ամբողջ քաղաքը ոտքի ելավ. ժողովուրդը հավաքվեց. Պողոսին բռնելով տաճարից դուրս քաշեցին, և շուտով դռները փակվեցին։
31 Եվ երբ ուզում էին նրան սպանել, գնդի հազարապետին լուր հասավ, որ ամբողջ Երուսաղեմը տակնուվրա է եղել։
32 Նա էլ իսկույն զինվորներ ու հարյուրապետներ վերցրեց, վազեց նրանց վրա։ Նրանք էլ երբ հազարապետին ու զինվորներին տեսան, դադարեցին Պողոսին ծեծելուց։
33 Այդ ժամանակ հազարապետը մոտեցավ, բռնեց նրան ու հրամայեց, որ երկու շղթայով կապեն, և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։
34 Ամբոխի մեջ ամեն մեկը մի բան էր աղաղակում։ Երբ ամբոխի շփոթից չկարողացավ ստույգն իմանալ, հրամայեց բերդ տանել նրան։
35 Եվ երբ աստիճաններին հասավ, պետք եղավ, որ զինվորներն ամբոխի բռնության պատճառով նրան վերցնեն բերեն,
36 որովհետև ժողովրդի բազմությունը հետևից գնում էր՝ աղաղակելով. «Մա՛հ դրան»։
37 Եվ քանի դեռ Պողոսը բերդ մտնելու վրա էր, հազարապետին ասաց. «Արդյոք կարելի՞ է, որ ես քեզ հետ խոսեմ»։ Նա էլ ասաց. «Հունարեն գիտե՞ս։
38 Արդյոք դու այն եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ խռովություն գցեց և չորս հազար ավազակաբարո մարդիկ անապատ հանեց»։
39 Եվ Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ Կիլիկիայի Տարսոնից, ոչ թե աննշան քաղաքի քաղաքացի։ Աղաչում եմ քեզ, ինձ թո՛ւյլ տուր, որ այդ ժողովրդի հետ խոսեմ»։
40 Եվ երբ նա թույլ տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ժողովրդին ձեռքով նշան արեց։ Երբ կատարյալ լռություն տիրեց, եբրայերեն լեզվով խոսքն ուղղեց ու ասաց.