Zephaniah 3NEA

1Վա՜յ ապստամբ, ապականված և բռնակալ քաղաքին.

2ո՛չ ձայնին անսաց, ո՛չ էլ խրատն ընդունեց, ո՛չ Տիրոջ վրա հույսը դրեց, ո՛չ էլ Աստծուն մերձեցավ։

3Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։

4Նրա մարգարեներն այսակիր են, արհամարհող, նրա քահանաները պղծում են սրբություններն ու մեղանչում օրենքի դեմ։

5Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի,

6ո՛չ էլ իսպառ անօրենություն. ամբողջությամբ կկործանի ամբարտավաններին։ Ոչնչացան նրանց անկյունները. կավերեմ նրա ճանապարհները, որպեսզի բոլորովին դրանցով չգնան։ Նրանց քաղաքները կպակասեն բնակիչներ չունենալու պատճառով։

7Ասացի. «Վախեցե՛ք ինձանից և ընդունե՛ք խրատը և ըստ ամենայնի չեք մեռնի նրա երեսից, ինչքան էլ որ վրեժ լուծեմ նրանից։ Պատրաստվի՛ր, վա՛ղ արթնացիր առավոտյան. պակասեցին նրա բոլոր ողկույզները։

8Դրա համար սպասի՛ր ինձ,- ասում է Տերը,- իմ հարության օրը վկայության համար։ Քանի որ իմ դատաստանն ազգերի դեմ է՝ բռնելու թագավորներին, նրանց վրա թափելու իմ բարկությունը, իմ սրտմտության ողջ բարկությունը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով կմաշվի ողջ երկիրը։

9Այն ժամանակ ժողովուրդներին կվերադարձնեմ լեզու նրանց ազգերի համար, որպեսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, և նրանք ծառայեն նրան մի լծի տակ։

10Ցրվածների հետ կընդունեմ նրանց եթովպացիների գետից. ինձ համար զոհ կմատուցեն։

11Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։

12Քեզ կթողնեմ հեզ և խոնարհ ժողովուրդ, և կվախենան Տիրոջ անունից

13Իսրայելի մնացորդները. ո՛չ անիրավություն կանեն, ո՛չ սնոտի բաներ կխոսեն, ո՛չ էլ նրանց բերանում նենգավոր լեզու կգտնվի, որովհետև նրանք կարածեն և կմակաղեն, և չի լինի մեկը, որ վախեցնի նրանց»։

14Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, և գոչի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի [𝕸 Իսրայելի՛ ժողովուրդ ], ուրախացի՛ր և զվարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղեմի,

15որովհետև Տերը քեզնից հեռացրեց շրջակա անիրավությունները, Տերը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, և այլևս չարիք չես տեսնի։

16Այն ժամանակ Տերը կասի Երուսաղեմին. «Քաջալերվի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը։

17Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ, ուրախություն կբերի քեզ վրա, կնորոգի քեզ իր սիրով և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։

18Եվ կհավաքեմ քո փշրվածներին։ Վա՜յ որ կնախատի նրան։

19Ահա ես կգործեմ այն ժամանակ քեզ համար. կփրկեմ ճնշվածին, կընդունեմ մերժվածին և ողջ աշխարհով մեկ նրանց պանծալի և անվանի կդարձնեմ։

20Կամաչեն և՛ այն ժամանակ, երբ ձեզ բարիք անեմ, և՛ այն ժամանակ, երբ ձեզ ընդունեմ, որովհետև ձեզ անվանի և պանծալի կդարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ես ձեր գերությունը ձեր առաջ դարձնեմ»,- ասում է Տերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Zephaniah 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.