Zephaniah 2NEA

1Հավաքվե՛ք և աղաչե՛ք, ո՛վ անխրատ ազգեր,

2քանի դեռ չեք դարձել անցավոր ծաղկի պես, քանի դեռ չի եկել Տիրոջ սաստիկ բարկության օրը։

3Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, արդարադատությո՛ւն արեք և արդարությո՛ւն փնտրեք և պատասխա՛ն տվեք նրանց, որպեսզի թաքնվեք Տիրոջ բարկության օրը։

4Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։

5Վա՜յ ձեզ, որ բնակվում եք ծովի եզերքում, կրետացի բնակիչնե՛ր, Տիրոջ պատգամը ձեր դեմ է. Քանա՛ն, այլազգիների երկի՛ր, կվերացնեմ ձեզ բնակավայրից,

6և Կրետեն կդառնա հոտերի արոտավայր և ոչխարների գոմ։

7Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։

8«Լսեցի Մովաբի նախատինքները և Ամովնի որդիների թշնամանքները, որոնցով նախատում էին իմ ժողովրդին և մեծաբանում իմ սահմանների դեմ։

9Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։

10Եվ դա կլինի նրանց՝ իրենց հպարտության փոխարեն, քանի որ նախատեցին և մեծաբանեցին Ամենակալ Տիրոջ դեմ։

11Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։

12«Դուք ևս, եթովպացինե՛ր, իմ սրից սպանվածն եք։

13Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,

14և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում, գազանները կոռնան նրա նկուղներում, և ագռավները՝ նրա դռների վրա, քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։

15Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Zephaniah 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.