Romans 9
1 Ճշմարիտն եմ ասում Քրիստոսով և չեմ ստում, խիղճս է ինձ վկայում Սուրբ Հոգով,
2 որ մեծ տրտմություն կա իմ մեջ և անհատնում ցավ՝ իմ սրտում։
3 Կուզեի ես ինքս նզովված լինել Քրիստոսից իմ եղբայրների, իմ ազգակիցների համար ըստ մարմնի,
4 որ իսրայելացիներն են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումները,
5 նրանցն են նահապետները, ըստ մարմնի նրանցից է նաև Քրիստոսը, որ բոլորից վեր, հավիտյանս օրհնյալ Աստված է։ Ամեն։
6 Հնարավոր չէ, որ Աստծու խոսքը ձախողվի. որովհետև ոչ բոլորը, որ Իսրայելից են, իսրայելացի են,
7 և ոչ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, նրա որդիներն են, այլ «Իսահակով ես սերունդդ շարունակելու» ։
8 Այսինքն՝ ոչ թե մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում.
9 որովհետև այս է խոստումը, որ ասում է. «Այս ժամանակում կգամ, և Սառան որդի ունեցած կլինի» ։
10 Եվ ոչ միայն այսքանը. այլ նաև այդպես եղավ Ռեբեկայի դեպքում, երբ մեկ անգամից հղիացավ երկու որդիով Իսահակից՝ մեր հորից։
11 Որովհետև քանի դեռ նրանք չէին ծնվել և քանի դեռ բարի կամ չար բան չէին գործել (որպեսզի Աստծու ծրագիրը հաստատվի ընտրության համաձայն՝
12 հիմնված ոչ թե գործերի վրա, այլ նրա, ով կանչեց), նրան ասվեց. «Ավագը պիտի ծառայի կրտսերին»,
13 ինչպես գրված է. «Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի» ։
14 Արդ, ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա։ Քա՛վ լիցի։
15 Քանի որ Մովսեսին ասում է. «Ողորմելու եմ, ում ողորմելու եմ, և գթալու եմ, ում գթալու եմ» ։
16 Հետևաբար, կախում չունի նրանից, ով ուզում է, ոչ էլ նրանից, ով ճիգ է թափում, այլ Աստծուց, որ ողորմում է։
17 Որովհետև Սուրբ Գիրքն ասում է փարավոնին. «Այն բանի համար քեզ առաջ քաշեցի, որպեսզի քեզնով ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում» ։
18 Ապա ուրեմն, ում ուզում, ողորմում է, և ում սիրտն ուզում, կարծրացնում է։
19 Սակայն պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեզ մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակվում»։
20 Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։
21 Կամ բրուտը իշխանություն չունի՞ կավի վրա նույն շաղախից անոթ շինելու, մեկը՝ պատվական, իսկ մյուսը՝ հասարակ։
22 Իսկ եթե Աստված, իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով, մեծ համբերատարությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար,
23 որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։
24 Սրանք մենք ենք, որ Աստված կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաև հեթանոսների,
25 ինչպես որ Օսեեի բերանով է ասում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ, և նրան, որ ինձ սիրելի չէր, սիրելի ։
26 Եվ այնպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանք կոչվեցին “Ոչ իմ ժողովուրդ”, նույն տեղում նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն »։
27 Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,
28 որովհետև անհապաղ և կտրուկ մի խոստում է կատարվելու արդարությամբ. այդ խոստումը Տերն է անհապաղ կատարելու երկրի վրա» ։
29 Եվ ինչպես Եսային է ասում. «Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ, կլինեինք Սոդոմի նման և Գոմորին կնմանվեինք» ։
30 Ուրեմն ի՞նչ ասենք. որ հեթանոսները, ովքեր արդարության չէին հետևում, արդարություն ձեռք բերեցին, արդարություն, որ հիմնված է հավատի վրա,
31 մինչդեռ Իսրայելը հետևում էր Օրենքի արդարությանը և Օրենքի արդարությանը չհասավ։
32 Ինչո՞ւ. որովհետև հիմնվեց ոչ թե հավատի, այլ Օրենքի գործերի վրա, քանի որ նրանք գայթակղության քարի վրա սայթաքեցին,
33 ինչպես որ գրված է. «Ահա Սիոնի մեջ դնում եմ քար գայթակղության և ժայռ գլորման, և ամեն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» ։