Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Romans 4

:
Armenian - NEA
1 Արդ, ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ ձեռք բերեց Աբրահամը՝ ըստ մարմնի մեր նախահայրը։
2 Եթե Աբրահամը գործերով էր արդարացված, պարծենալու պատճառ ուներ, բայց ոչ Աստծու առաջ։
3 Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ արդարություն համարվեց նրան» ։
4 Բայց ով գործ է անում, նրա վարձը որպես շնորհ չի դիտվում, այլ որպես պարտք։
5 Իսկ ով գործ չի անում, բայց հավատում է նրան, ով արդարացնում է մեղավորին, նրա հավատը համարվում է արդարություն։
6 Այդպես նաև Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված արդար է համարում նրա գործերից անկախ.
7 «Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին, և որոնց մեղքերը ծածկվեցին։
8 Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը նկատի չի առնում» ։
9 Արդ, այս երանությունը վերաբերում է թլփատվածների՞ն, թե՞ նաև անթլփատներին։ Ասում ենք, որ հավատն Աբրահամին արդարություն համարվեց։
10 Արդ ինչպե՞ս համարվեց, թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ անթլփատ վիճակում։ Ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատ վիճակում։
11 Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,
12 և նաև հայր լինի թլփատվածների, նրանց համար, ովքեր ոչ թե սոսկ թլփատված են, այլ ընթանում են նույն հավատի հետքերով, որ մեր հայր Աբրահամը ցուցաբերեց անթլփատ վիճակում։
13 Աբրահամին և նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղավ ոչ թե Օրենքի, այլ հավատի արդարության միջոցով,
14 որովհետև եթե ժառանգները նրանք են, որ Օրենքի վրա են հիմնվում, ապա զուր է հավատը և դատարկ՝ խոստումը։
15 Քանի որ Օրենքը բարկություն է առաջ բերում։ Բայց որտեղ Օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։
16 Դրա համար էլ ժառանգ լինելը հավատից է, որպեսզի դա ըստ շնորհի լինի և խոստումն ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն նրա համար, որ հիմնվում է Օրենքի վրա, այլև նրա համար, որ հիմնվում է Աբրահամի հավատի վրա։ Նա է մեր ամենքի հայրը,
17 ինչպես գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» ։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և գոյության է կոչում չեղած բաները։
18 Աբրահամը, չնայած հույս չկար, հույսով հավատաց, որ բազում ազգերի հայր է լինելու, ինչպես ասվել էր. «Այսպես կլինի քո սերունդը» ։
19 Եվ նա չերկմտեց իր հավատի մեջ, թեպետ նայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր,- քանի որ շուրջ հարյուր տարեկան էր,- և Սառայի մեռած արգանդին։
20 Բայց Աստծու խոստման վրա անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ, փառք տվեց Աստծուն
21 և հաստատապես համոզվեց, որ նա, ով խոստացավ, կարող է նաև կատարել։
22 Ահա թե ինչու նրան արդարություն համարվեց։
23 Բայց միայն Աբրահամի համար չգրվեց, թե նրան արդարություն համարվեց,
24 այլ նաև մեզ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց Հիսուսին՝ մեր Տիրոջը,
25 որ մահվան մատնվեց մեր հանցանքների համար և հարություն առավ՝ մեզ արդարացնելու համար։