Romans 3NEA

1Արդ ո՞րն է հրեայի առավելությունը, կամ թլփատությունից ի՞նչ օգուտ։

2Շատ՝ ամեն առումով։ Նախ՝ հենց այն, որ Աստծու պատգամները նրանց վստահվեցին։

3Իսկ արդ, եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունը Աստծու հավատարմությունը խափանեց։

4Քա՛վ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» ։

5Իսկ եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե անարդար է Աստված, որ բարկությունն է ցույց տալիս։ Խոսում եմ մարդկային ձևով։

6Քա՛վ լիցի։ Այլապես Աստված ինչպե՞ս է դատելու աշխարհը։

7Բայց եթե իմ ստով Աստծու ճշմարտությունն ավելանում է իր փառքի համար, էլ ինչի՞ համար եմ ես դատվում իբրև մեղավոր։

8Եվ մի՞թե, ինչպես զրպարտում են մեզ և ինչպես ոմանք մեր մասին ասում են՝ իբր թե ասել ենք՝ «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այսպիսի մարդկանց դատապարտությունն արդար է։

9Եվ արդ, ինչո՞վ ենք առավել։ Արդարև և ոչ մի բանով. որովհետև արդեն մեղադրեցինք հրեաներին և հեթանոսներին. ամենքն էլ մեղքի տակ են։

10Ինչպես որ գրված է. «Չկա արդար մեկը և ոչ մեկը։

11Չկա մեկը, որ հասկանա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։

12Բոլորն էլ միասին խոտորվեցին և անպետք դարձան. չկա մեկը, որ բարություն անի, չկա մեկը, ոչ իսկ մեկ հոգի ։

13Նրանց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուներով նենգավոր դարձան, նրանց շուրթերի տակ իժերի թույն է ։

14Նրանց բերանները լի են անեծքով ու դառնությամբ ։

15Նրանց ոտքերն արագաշարժ են արյուն թափելու համար։

16Նրանց ճանապարհներին կործանում ու թշվառություն է,

17և խաղաղության ճանապարհը չճանաչեցին ։

18Նրանց աչքերի առաջ Աստծու երկյուղ չկա »։

19Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։

20Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։

21Բայց հիմա, Օրենքից անկախ, Աստծու արդարությունը հայտնվել է՝ վկայված նույն Օրենքի ու մարգարեների կողմից։

22Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, և չկա ոչ մի խտրություն։

23Քանի որ բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից,

24բայց ձրի արդարացվում են նրա շնորհով, Քրիստոս Հիսուսով իրագործված փրկության միջոցով։

25Աստված նրան առաջադրեց որպես քավության միջոց իր արյամբ, հավատի ճանապարհով, ապացույց իր արդարության անցյալում՝ Աստծու համբերության ժամանակ գործված մեղքերի թողության համար,

26ապացույց իր արդարության ներկա ժամանակում՝ ցույց տալով, որ ինքն արդար է և արդարացնում է նրան, ով հավատում է Հիսուսին։

27Ուրեմն որտե՞ղ է մնում պարծանքը. ջնջվեց։ Ո՞ր օրենքով, գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով,

28որովհետև ընդունում ենք, որ մարդն արդարանում է հավատով, օրենքի գործերից անկախ։

29Թե՞ Աստված միայն հրեաներինն է, իսկ հեթանոսներինը՝ ո՞չ. այո՛, հեթանոսներինն էլ է,

30քանի որ մե՛կ է Աստված, որ արդարացնելու է թլփատվածին՝ իր հավատով, և անթլփատին՝ նույն հավատով։

31Արդ, Օրենքը ջնջո՞ւմ ենք հավատի միջոցով։ Քա՛վ լիցի, ընդհակառակը, Օրենքն ենք հաստատում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Romans 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.