1Սաղմոս Ասափի Որքա՜ն բարի է Աստված Իսրայելի Սրտով ուղիղների համար։
2Գալով ինձ՝ մի փոքր ևս, և իմ ոտքերը կսասանվեին, Եվս մի քիչ, և քայլերս պիտի մոլորվեին։
3Նախանձեցի անօրենների հետ մեղավորների խաղաղությանը,
4Երբ տեսնում էի, որ նրանք մահվան տագնապ չունեն, Նրանք ամուր էին տանջանքների մեջ։
5Մարդկանց տքնությունները չեն կրում նրանք Եվ մարդկանց պես չեն տանջվում։
6Դրա համար ամբարտավանությունը պատեց նրանց, Եվ համակվեցին իրենց ամբարտավանությամբ ու անիրավությամբ։
7Նրանց անիրավությունը պիտի բխի անզգայությունից, Պիտի երևան նրանց սրտերի մեղավոր ցանկությունները։
8Խորհեցին ու խոսեցին չարությամբ Եվ բարձրագոչ ապիրատություն խոսեցին։
9Իրենց բերանները երկնքին բացեցին Եվ լեզուները քարշ տվեցին երկրում։
10Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։
11Ասացին. «Աստված ինչպե՞ս կիմանա», Կամ՝ «Արդյո՞ք գիտություն կա Բարձրյալի մոտ»։
12Ահա մեղավոր են, բայց հաջողակ, Կան և ունեն աշխարհի հարստությունը։
13Ասացի. «Ուրեմն իզուր արդար պահեցի սիրտն իմ, Ձեռքերս սրբությամբ լվացի,
14Ամեն օր խոշտանգվեցի Եվ առավոտները կշտամբանք կրեցի»։
15Թեպետ և ասում էի. «Եթե այսպես պատմեմ, Դիմացդ պիտի գտնեմ քո որդիների սերնդին, Որոնց և ուխտեցի»։
16Սակայն հասկացա, որ սա դժվար է ինձ համար,
17Մինչև մտնեմ Աստծու սրբարանը Եվ իմանամ նրանց վախճանը։
18Բայց իրենց նենգության համար տարագիր կանես նրանց, Կկործանես նրանց իրենց ամբարտավանության մեջ։
19Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով
20Եվ եղան արթնացողի երազների պես։ Տե՛ր, դու պիտի անարգես նրանց պատկերը քո քաղաքում.
21Որովհետև հուր բորբոքվեց իմ սրտի մեջ, Եվ երիկամներս այլագունեցին։
22Ես արհամարհված եղա և չիմացա, Քո առջև անասուն համարվեցի.
23Բայց ես ամեն ժամ քեզ հետ եմ։ Բռնեցիր իմ աջ ձեռքից,
24Ինձ առաջնորդեցիր քո խորհուրդներով Եվ փառքով ընդունեցիր ինձ։
25Ի՞նչ կա երկնքում, իրոք, ինձ համար, Կամ քեզնից բացի ի՜նչ փնտրեմ երկրում։
26Սիրտս ու մարմինս նվաղեցին, իմ սրտի՛ Աստված, Իմ հավիտենական բաժի՛ն Աստված։
27Ահավասիկ, ովքեր հեռացրին իրենց հոգիները քեզանից, Պիտի կորչեն, պիտի կործանես բոլորին, Ովքեր ապստամբեցին քո դեմ։
28Բարի է ինձ համար Աստծուն մոտենալը Եվ Տիրոջ վրա հույս դնելը, Քո ողջ օրհնությունը հռչակել Սիոնի դստեր դռների առջև։