1Դպրապետին՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին
2Աստված մեր ապավենն է և զորությունը Եվ օգնականը խիստ նեղությունների մեջ։
3Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, Եվ լեռները դեպի ծովի խորքը փոխվեն։
4Շաչեցին և խռովվեցին ծովերի ջրերը, Եվ նրա զորությունից լեռները սասանվեցին։
5Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը, Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։
6Աստված նրանց մեջ է, և նրանք չեն սասանվի, Նրանց կօգնի Աստված վաղորդայնից վաղորդայն։
7Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։
8Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։
9Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը, Որ հրաշքներ և նշաններ գործեց երկրի վրա.
10Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։
11Փութացե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված. Պիտի բարձրանամ հեթանոսների մեջ Եվ երկրի երեսին։
12Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։