1Դպրապետին։ Տիրոջ ծառա Դավթի սաղմոսը
2Մեղանչելիս անօրենն ասում է ինքն իրեն, Թե իր աչքերի առջև Աստծու երկյուղը չկա.
3Խորամանկեց նրա առջև՝ թաքցնելով իր նյութած անօրենությունը և չատելով այն։
4Նրա բերանի խոսքերն անօրենություն ու նենգություն են։ Նա չուզեց իմանալ բարին.
5Անօրենություն խորհեց իր անկողնում, Կանգնեց այն ամեն ճանապարհի վրա, որ բարի չէ, Եվ չարից չձանձրացավ։
6Տե՛ր, երկնքում է քո ողորմությունը, Իսկ ճշմարտությունդ մինչև ամպերն է հասնում։
7Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
8Որքա՜ն առատացրիր քո ողորմությունը, ո՛վ Աստված, Ուստի մարդկանց որդիները թևերիդ հովանուն պիտի հուսան,
9Քո տան առատությունից պիտի արբենան, Եվ նրանց պիտի ըմպել տաս քո փափկության ակունքներից։
10Կյանքի աղբյուրը քեզանից է, Տե՜ր, Եվ երեսիդ լույսով ենք տեսնում լույսը։
11Ողորմությունդ ծագեցրո՛ւ քեզ ճանաչողներին Եվ արդարությունդ՝ սրտով ուղիղներին։
12Թող մեզ չհասնի ամբարտավանի ոտքը, Եվ մեղավորների ձեռքերը դող չպատճառեն մեզ։
13Այնտեղ պիտի ընկնեն Բոլոր անօրենություն գործողները, Պիտի մերժվեն, Որ այլևս չկարողանան ոտքի կանգնել։