1Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2Քեզ վրա հույս դրեցի, Տե՜ր, թող չամաչեմ հավիտյան. Քո արդարությամբ փրկի՛ր և ապրեցրո՛ւ ինձ։
3Ի՛նձ խոնարհիր քո ականջը, փութա՛ ինձ փրկելու. Իմ պահապա՛նը եղիր, Աստվա՜ծ, և իմ փրկության ապաստանը,
4Քանզի դու ես իմ ուժն ու ապավենը։ Քո անվան համար ինձ առաջնորդեցիր և սնեցիր։
5Եվ ինձ կհանես այն որոգայթից, որն իմ դեմ լարեցին։ Դու ես իմ պաշտպանը, Տե՜ր,
6Եվ քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին։ Փրկեցիր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո ճշմարտությամբ։
7Ատեցիր նրանց, ովքեր սնոտիաբար են երկյուղում։ Ես Տիրոջ վրա հույս դրեցի.
8պիտի ցնծամ և ուրախանամ քո տված փրկությամբ։ Նայեցիր իմ խոնարհությանը և փրկեցիր ինձ վշտերից,
9Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը Եվ ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ։
10Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, քանզի ճնշված եմ ես. Սրտմտությունից աչքն իմ խռովվեց, Նաև փորս ու հոգիս։
11Կյանքս նվազեց ցավերի պատճառով, Իսկ տարիներս՝ հեկեկոցներից։ Իմ զորությունը տկարությունից աղքատացավ, Եվ ոսկորներս փտեցին։
12Իմ բոլոր թշնամիներից ավելի Ես եղա նախատինք դրացիներիս համար, Իսկ ծանոթներիս՝ մեծ ահ ու երկյուղ։ Բոլոր ինձ տեսնողները հեռու էին փախչում ինձանից,
13Մոռացվեցի ես, ինչպես մեռյալն է իսպառ մոռացվում սրտից, Դարձա իբրև կորսված անոթ։
14Քանզի իմ շուրջը գտնվող շատերից բամբասանք լսեցի. Իրար մոտ հավաքված՝ ուզում էին հոգիս առնել։
15Բայց ես, ո՜վ Տեր, քեզ հուսացի՝ ասելով. «Դու ես իմ Աստվածը,
16Եվ քո ձեռքում են իմ տարիները»։ Փրկի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և իմ հալածիչներից։
17Ցո՛ւյց տուր քո երեսը քո ծառային. Ապրեցրո՛ւ ինձ, Տե՜ր, ըստ քո ողորմության։
18Տե՜ր, թող չամաչեմ, որ քեզ դիմեցի. Թող ամաչեն ամբարիշտները և իջնեն դժոխք։
19Թող համրանան նենգ շրթունքները, Որոնք ամբարտավանությամբ և արհամարհանքով Չարախոսում էին արդարին։
20Ո՜վ Տեր, որքա՜ն շատ է քաղցր ողորմածությունդ, Որ պահեցիր երկյուղածներիդ համար, Եվ բոլորը տեսան, թե ինչպես քո ողորմությունը շնորհեցիր քեզ հուսացողներին։ Քո երեսի ծածկույթով պաշտպանեցիր նրանց
21Մարդկանց խռովությունից, Քո խորանում թաքցրիր նրանց լեզուների հակառակությունից։
22Օրհնյա՜լ է Տերը, քանզի նրա ողորմությունը Հրաշքներ գործեց ամուր քաղաքում։
23Ապշահար եղած ասացի, որ այլևս կտրվեցի քո աչքից, Դրա համար իմ աղոթքի ձայնը լսեցիր, երբ քեզ դիմեցի։
24Սիրեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր սրբեր, Որովհետև Տերը ստուգություն է փնտրում Եվ հատուցում նրանց, ովքեր առավել Ամբարտավանություն են գործում։
25Քաջալերվե՛ք, և ձեր սրտերը թող զորանան, Բոլո՛րդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։