1Հեթանոսներն ինչո՞ւ խռովվեցին, Եվ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին,
2Երկրի թագավորները ոտքի ելան, Եվ իշխանները հավաքվեցին ժողովի Տիրոջ և նրա Օծյալի դեմ.
3«Փշրե՛նք նրանց կապանքները Եվ մեզնից թոթափե՛նք նրանց լուծը»։
4Բայց երկնքում բնակվողը ծիծաղելու է նրանց վրա, Տերն արհամարհելու է նրանց։
5Այն ժամանակ նա խոսելու է նրանց հետ Իր բարկությամբ Եվ խռովեցնելու է նրանց իր զայրույթով.
6«Ես Սիոնում իմ թագավորին կարգեցի Սուրբ լեռան վրա»։
7Հռչակում եմ այն, որ Տերն ասաց ինձ. «Դու ես իմ որդին, Եվ ես այսօր ծնեցի քեզ։
8Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։
9Պիտի հովվես նրանց երկաթյա գավազանով, Որպես բրուտի անոթ՝ պիտի փշրես նրանց»։
10Արդ, ո՜վ թագավորներ, դա՛ս առեք, Եվ դուք, երկրի դատավորնե՛ր, խրատվե՛ք,
11Երկյուղով ծառայե՛ք Տիրոջը Եվ դողալով ցնծացե՛ք նրա առաջ,
12Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,
13Երանի՜ նրանց, ովքեր իրենց հույսը Տիրոջ վրա դրած կլինեն։