1Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տե՛ր, փորձեցիր ինձ և ճանաչեցիր,
2Դու ճանաչեցիր իմ նիստուկացը. Շատ ու շատ առաջ հասկացար իմ խորհուրդները։
3Դու քննեցիր իմ շավիղներն ու անկողինս Եվ բոլոր ճանապարհներս նախապես տեսար,
4Եվ թե նենգություն չկա լեզվիս տակ։
5Ահա դու, Տե՜ր, ճանաչեցիր իմ անցյալն ու ապագան։ Դու ստեղծեցիր ինձ և ձեռքդ դրեցիր ինձ վրա։
6Սքանչելի եղավ քո գիտությունն ինձնից, Զորեղ, որ չեմ կարող հասնել նրան։
7Ո՞ւր գնամ ես քո շնչից, Կամ քո երեսից ես ո՞ւր փախչեմ։
8Եթե ելնեմ երկինք, դու այնտեղ ես, Եթե իջնեմ դժոխք, դարձյալ մոտ ես դու։
9Եթե առավոտյան թևեր առնեմ Եվ բնակվեմ ծովի եզերքում,
10Սակայն այնտեղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի, Եվ քո աջն ինձ կընդունի։
11Ասացի՝ գուցե խավարն ինձ ծածկի, Կամ գիշերը՝ իմ փափկության լույսի փոխարեն.
12Խավարը քեզ համար խավար չի դառնա, Գիշերը լուսավոր ցերեկ կդառնա, Եվ նրա խավարը լույսի պես կլինի։
13Դու ստեղծեցիր իմ երիկամները Եվ ընդունեցիր ինձ մորս որովայնից։
14Պիտի խոստովանեմ քեզ, Տե՜ր, Որովհետև ահեղ և սքանչելի ես. Սքանչելի են քո գործերը, Որոնք հույժ սիրեց անձս։
15Իմ ոսկորը չթաքնվեց քեզանից, Որ ստեղծեցիր թաքուն, Եվ իմ բնությունը՝ երկրի խորքերում։
16Իմ անգործությունը տեսան քո աչքերը, Եվ բոլորը գրվեցին քո գրքում. Ցերեկը մոլորվեցին, և չկար մեկը, Որ առաջնորդեր նրանց։
17Ինձ հույժ մեծարեցին քո բարեկամները, Աստվա՜ծ, Եվ չափազանց զորացան նրանց իշխանները։
18Հաշվեցի, նրանք ավազից ավելի բազմացան, Արթնացա, և ահա քեզ հետ եմ։
19Միայն թե սպանեիր մեղավորներին, Աստվա՜ծ. Արյունահե՛ղ մարդիկ, հեռացե՛ք ինձնից։
20Քանզի հակառակությամբ և նախանձով Իզուր պիտի առնեն քո քաղաքները.
21Քեզ ատողներին ատեցի, Տե՛ր, Եվ քո թշնամիներից մաշվեցի։
22Կատարյալ ատելությամբ ատեցի նրանց, Եվ ինձ թշնամի դարձան։
23Փորձի՛ր ինձ, Աստվա՛ծ, և ճանաչի՛ր իմ սիրտը, Քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ շավիղները
24Եվ տե՛ս, եթե իմ ճանապարհին Անօրենություններ կան, Ինձ առաջնորդի՛ր քո հավիտենական ճանապարհով։