Psalms 103NEA

1Սաղմոս Դավթի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, չափազանց մեծ ես դու. Գովասանք և մեծ վայելչություն հագար,

2Լույսը կրեցիր որպես ծածկոց, Երկինքը ձգեցիր վարագույրի պես

3Եվ ջրերի վրա դրեցիր նրա վերնահարկը։ Նա, որ ամպերի մեջ է ընթանում Եվ շրջում հողմի թևերի վրա։

4Նա, որ շունչ դարձրեց իր հրեշտակներին Եվ իր պաշտոնյաներին՝ կիզիչ հուր։

5Երկիրը հաստատեց իր հիմքերի վրա, Որպեսզի բնավ չսասանվի.

6Խորքերը վերարկուի նման զգեստ են նրան, Եվ ջրերը մնում են լեռների վրա։

7Քո սաստումից կփախչեն և քո ձայնի որոտումից կսարսեն,

8Լեռները կբարձրանան և դաշտերը կիջնեն, Այնտեղ, որտեղ հաստատեցիր նրանց։

9Սահման դրեցիր, որպեսզի չանցնեն Եվ չվերադառնան՝ երկիրը ծածկելու։

10Աղբյուրները դեպի ձորերն ուղղեցիր, Որ ջրերը հոսեն լեռների միջով՝

11Հագեցնելու վայրի բոլոր գազաններին, Որ ցիռերն իրենց ծարավը հագեցնեն։

12Այնտեղ երկնի թռչունները բույն պիտի դնեն Եվ ժայռերի մեջ ձայն պիտի տան։

13Իր շտեմարաններից պիտի արբեցնի լեռներին, Իր գործի բերքով կլցնի երկիրը։

14Լեռներում խոտ բուսեցրիր և կանաչություն՝ Մարդկանց կարիքների համար։ Հաց հանեցիր հողից։

15Գինին ուրախացնում է մարդու սիրտը, Յուղը՝ զվարթացնում երեսը, Իսկ հացն ամրացնում է մարդու սիրտը։

16Թող հագենան Տիրոջ ծառերը Եվ Լիբանանի մայրիները, որ դու տնկեցիր.

17Այնտեղ երկնի թռչունները ձագեր կհանեն, Եվ արագիլի բույնը ապաստան կլինի նրանց։

18Բարձր լեռները ապավեն են եղջերուներին, Իսկ ժայռերը՝ նապաստակներին։

19Ժամանակի համար ստեղծեցիր լուսինը, Արևն իմացավ ժամն իր մտնելու։

20Խավարն ստեղծեցիր, և եղավ գիշեր, Որի ժամանակ շրջում են անտառի բոլոր գազանները։

21Կորյունները մռնչում են ու հափշտակում Եվ Աստծուց են խնդրում իրենց կերակուրը։

22Արևածագին հավաքվում և հանգստանում են իրենց որջերում։

23Մարդը գնում է իր գործին, Իր ձեռքի վաստակին՝ մինչև երեկո։

24Որչա՜փ մեծ են քո գործերը, Տե՜ր, Ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր, Եվ երկիրը լցվեց քո արարածներով։

25Ահա մեծ և խաղաղ ծովը, որում անթիվ զեռուններ կան, Մեծ և փոքր գազաններ.

26Նրա վրա նավեր են գնում, Եվ վիշապը, որին ստեղծեցիր նրա մեջ խաղալու համար։

27Բոլորը քեզ են սպասում, և դու ես նրանց Կերակուր տալիս ժամանակին։

28Տալիս ես նրանց, և կերակրվում են։ Բացում ես ձեռքդ և քո կամքով Կերակրում բոլորին։

29Երբ երեսդ շրջում ես նրանցից, խռովվում են, Երբ նրանցից հանում ես շունչը, Սպառվում և հող են դառնում։

30Քո շունչն ես ուղարկում նրանց և արարում Եվ նորոգում ես երկրի երեսը։

31Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, Եվ Տերն ուրախանա իր արարածներով։

32Նայում է երկրին և դողացնում նրան, Մոտենում է լեռներին, և նրանք ծուխ են արձակում։

33Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, Քանի կամ, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն։

34Իմ օրհնությունը հաճելի կլինի նրան, Եվ ես Տիրոջով ուրախ կլինեմ։

35Թող պակասեն մեղավորները երկրից, Եվ այնտեղ ամբարիշտներ չգտնվեն այլևս. Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 103.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.