1Դրա համար դու քարոզի՛ր իմաստությունը, որ հանճարը արձագանքի քեզ։
2Որովհետև լեռների կատարին է գտնվում և շավիղների վրա է հասել,
3հզորների դռան առջև է գտնվում, և երգում է նրանց մուտքերին։
4«Աղաչում եմ ձեզ, ո՛վ մարդիկ, և իմ ձայնը բաշխում մարդու որդիներին։
5Պարզամիտնե՛ր, իմացե՛ք խորագիտություն, ո՛վ անխրատներ, խրա՛տ դրեք ձեր սրտերում,
6ունկնդրե՛ք ինձ. պարկեշտ խոսքեր պիտի բարբառեմ, և իմ շուրթերից ուղիղ խոսքեր պիտի բխեցնեմ,
7Որովհետև իմ կոկորդը ճշմարտություն է կոփում, և պիղծ են իմ առջև սուտ շուրթերը։
8Արդար են իմ բերանի բոլոր խոսքերը, և նրանց մեջ ոչինչ չկա ծուռ և թյուր,
9ամեն ինչ ուղիղ է իմաստունների համար, և արդար նրանց համար, որ ձգտում են գիտության»։
10Խրա՛տ ձեռք բերեք և ոչ թե արծաթ, գիտություն և ոչ թե ընտիր ոսկի։
11Իմաստությունը թանկագին քարերից լավ է, և ոչ մի թանկարժեք բան չարժե նրան։
12Ես՝ իմաստությունս, բնակվեցի խորագիտության մեջ, խորհուրդները ու գիտությունը կանչեցի։
13Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
14Իմն են խորհուրդն ու զգուշությունը, իմն են հանճարն ու զորությունը։
15Ինձնով են թագավորները թագավորում, և հզորները՝ արդարություն սահմանում։
16Ինձնով մեծամեծները բարձրանում են, և բռնակալները՝ տիրում երկրին։
17Ես սիրում եմ ինձ սիրողներին. ով փնտրում է ինձ, շնորհ կգտնի։
18Իմն են հարստությունն ու փառքը, շատ ստացվածքն ու արդարությունը։
19Լավ է ի՛նձ ստանալ, քան ոսկի և անգին քարեր, և ի՛մ արդյունքը, քան ոսկի և ընտիր արծաթ։
20Ես գնում եմ արդարության ճանապարհներով և շրջում արդարության շավիղներով,
21որ սիրելիներիս հարստություն բաշխեմ և նրանց գանձարանները բարությամբ լցնեմ։ Որպեսզի պատմեմ ձեզ, թե ի՛նչ է լինելու ամեն օր, և հիշեցնեմ, թե ի՛նչ է եղել ի սկզբանե։
22Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար.
23հավիտենությունից էլ առաջ հաստատեց ինձ։ Ինձ ծնեց հենց սկզբից,
24երկիրն ստեղծելուց առաջ, և նախքան անդունդներ կբացեր, և աղբյուրների ջրեր կբխեցներ,
25նախքան կհաստատեր լեռներն ու բոլոր բլուրները։
26Տերն ստեղծեց շեն և անշեն և բնակելի ծայրամասերը երկնքի ներքո։
27Ես նրա հետ էի, երբ պատրաստում էր երկինքը, երբ իր աթոռն էր հաստատում հողմերի վրա,
28երբ զորացնում էր վերին ամպերը, երբ աղբյուրներ էր հաստատում երկնքի ներքո։
29Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
30ես նրա մոտ էի որպես սպասավոր։ Ինձնով էր Տերն ուրախանում մշտապես, և ես ցնծում էի նրա առջև ամեն ժամ
31հրճվում էի տիեզերքով բովանդակ և ուրախ էի մարդկանց որդիների մեջ։
32Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ. երանելի են նրանք, որ պահում են իմ ճանապարհները։
33Լսե՛ք իմաստությունը և իմաստուն կլինեք. ու մի՛ շեղվեք։
34Երանելի է այն մարդը, որ կլսի ինձ, և այն մարդը, որ կպահի իմ ճանապարհները, իմ դռների մոտ հարատև կտքնի և կպահպանի իմ դռների մուտքերը։
35Իմ ուղիները կյանքի ուղիներ են. Տերն է սահմանել իմ կամքը։
36Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։