1Որդյա՛կ, եթե քո բարեկամի համար երաշխավոր լինես, քո անձը կմատնես թշնամուն.
2որովհետև մարդու շրթունքները բուռն որոգայթ են իր համար, և բռնվում է իր բերանի խոսքով։
3Արդ, որդյա՛կ, արա՛, ինչ որ պատվիրում եմ քեզ, և կփրկվես, որովհետև չար մարդկանց ձեռքն ընկար բարեկամիդ համար։ Արդ, գոտեպնդվի՛ր և մի՛ հուսալքվիր և նույնը հորդորի՛ր քո բարեկամին, որին երաշխավորեցիր։
4Աչքերիդ քուն մի՛ տուր և թարթիչներիդ՝ նինջ,
5որպեսզի փրկվես, ինչպես այծյամը դարանից և թռչունը՝ ծուղակից։
6Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, քննի՛ր նրա ընթացքը և նրանից ավելի իմաստո՛ւն եղիր.
7որովհետև նա հողագործ չէ և ոչ էլ հարկադիր և տեր չունի,
8բայց ամռանը կերակուր է պատրաստում և հունձի ժամանակ ամբարում է առատ պաշարը։ Կամ գնա՛ մեղվի մոտ, և սովորի՛ր, թե ի՜նչ գործունյա է, և թե ինչ պարկեշտությամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագավորներին և անտուններին՝ բժշկության համար։ Սիրելի է և մեծարելի է բոլորի համար, թեպետ տկար է զորությամբ, քանզի պատվեց իմաստությունը և հարգվեց։
9Ո՛վ ծույլ, մինչև ե՞րբ պիտի պառկած մնաս կամ ե՞րբ պիտի արթնանաս։
10Մի քիչ ննջես, մի քիչ նստես, մի քիչ նիրհես, մի քիչ ձեռքերդ կրծքիդ ծալես,
11Այնուհետև չար ուղևորի պես աղքատությունը կհասնի քո վրա, և կարիքը՝ ժիր սուրհանդակի պես։ Իսկ եթե ժիր լինես, քո հունձքը կհասնի աղբյուրի նման, և կարիքը չար մարդու նման ինքնահալած կլինի։
12Անօրեն և անզգամ մարդը թյուր ճանապարհներով է գնում,
13որովհետև ինքն է աչքերը թարթում, և ցույց տալիս ոտքերով և ուսուցանում մատների նշաններով։
14Խոտորված սիրտը չարիքներ է նյութում և ընդմիշտ խռովություն ստեղծում քաղաքում։
15Այդ իսկ պատճառով նրա կործանումը հանկարծակի կգա. կհաշմվի ու կմաշվի առանց բժշկության։
16Ուրախանում է այն ամենով, ինչ ատում է Տերը, և կկործանվի իր անձի պղծության համար։
17Կկործանվեն թշնամացող աչքերը, անիրավ լեզուն, արդար արյուն հեղող ձեռքերը,
18չար խորհուրդ նյութող սիրտը, և այն ոտքերը, որոնք շտապում են չարիքներ գործել,
19անիրավ վկան բորբոքում է ստությունը և գրգռություն գցում եղբայրների մեջ։
20Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքները և մի՛ մերժիր մորդ խրատը։
21Ընդունի՛ր դրանք հոգուդ մեջ, և մտքումդ պահի՛ր ընդմիշտ. որպես մանյակ՝ պարանոցիցդ կախի՛ր։
22Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։
23Օրենքի պատվիրանը ճրագ է, խրատն ու հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ և լույս։
24Հեռու կպահի քեզ ամուսնացած կնոջից և օտար լեզվի չարախոսությունից։
25Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,
26քանզի պոռնիկ կնոջ գինը մի նկանակ հացի չափ է, որովհետև չար կինը պատվական մարդկանց հոգիներն է որսում։
27Ո՞վ կարող է հուրը ծրարել իր գոգի մեջ, որ հանդերձը չայրի,
28կամ ո՞վ կարող է գնալ հրի կայծերի միջով առանց ոտքերն այրելու,
29այդպես էլ ով մտնի ամուսնացած կնոջ մոտ. առանց պատժի չի մնա, և ոչ ոք չի արդարանա, ով մերձենա նրան։
30Զարմանքի ոչինչ չկա, եթե մեկը գողության մեջ բռնվի. գողանում է, որ հագեցնի անձն իր քաղցյալ,
31իսկ եթե բռնվի, յոթնապատիկ կտուժի և իր անձը փրկելու համար իր ողջ ունեցվածքը պիտի տա։
32Իսկ եթե շնանա մտքի պակասության պատճառով, կորստի է մատնում իր անձը,
33ցավ և անարգանք պիտի կրի, և երբեք չի կորչելու նրա նախատինքը։
34Նրա ամուսինը լի է նախանձով և սրտմտությամբ և չի խնայելու դատաստանի օրը,
35իր թշնամությունը չի փոխանակելու ոչ մի փրկագնով, նույնիսկ առատ կաշառքով։