Proverbs 5NEA

1Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին,

2որպեսզի բարի խորհուրդները պահես։ Քեզ եմ պատվիրում իմ շուրթերի իմաստությունը։

3Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ,

4բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի կտրող, քան սուրը երկսայրի,

5որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը,

6որովհետև կյանքի ճանապարհներով չի գնում, զեխ և անհայտ է նրա ընթացքը։

7Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և մի՛ արհամարհիր իմ խոսքերը,

8քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին,

9որ քո կյանքը օտարներին չմատնես և քո ունեցվածքը՝ անողորմներին։

10Քո ուժով թող չզորանան օտարները, և քո վաստակը ուրիշների տունը չմտնի։

11Որ հետո զղջաս, երբ քո մարմնի անդամները մաշվեն,

12ու ասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը, և հանդիմանությունից սիրտս խոտորվեց»։

13Ո՛չ իմ խրատատուի ձայնն էի լսում, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խոսքերին.

14քիչ էր մնացել, որ խորհրդի և ժողովրդի մեջ մասնակից դառնայի ամեն չարիքի։

15Ջուրը քո ամանի՛ց խմիր և քո ջրհորի ջրից։

16Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, և քո հրապարակը թող հոսեն քո ջրերը։

17Դրանք միայն քոնը թող լինեն, և ո՛չ մի օտար չբաժանի քեզ հետ։

18Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ,

19եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։

20Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ.

21քանզի Աստծու աչքի առջև են տղամարդու ճանապարհները, և նա գիտի նրա բոլոր շավիղները։

22Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,

23չխրատվելու պատճառով նա մեռավ անխրատների հետ և զրկվեց իր կյանքի երկարությունից ու կորավ անզգամության պատճառով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.