Numbers 8
1 Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները տեղադրես, այնպե՛ս արա, որ յոթ ճրագներն էլ լուսավորեն աշտանակի առջևի կողմը”»։
3 Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները վառեց աշտանակի մի կողմից՝ առջևի կողմից, ինչպես որ Տերը հրամայեց Մովսեսին։
4 Այսպիսին էր աշտանակի կառուցվածքը. նրա բունն ու ճյուղերը ձույլ ոսկի էին։ Աշտանակը պատրաստված էր ըստ այն օրինակի, որ Տերն էր ցույց տվել Մովսեսին։
5 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
6 «Ղևտացիներին առանձնացրո՛ւ Իսրայելի որդիների միջից և սրբագործի՛ր նրանց։
7 Նրանց սրբագործի՛ր այսպես. նրանց վրա մաքրագործման ջո՛ւր ցանիր, ապա թող ածիլեն իրենց ամբողջ մարմինը, լվանան իրենց զգեստները և մաքրվեն։
8 Նրանք թող վերցնեն մեկ զվարակ, նաև զոհ՝ յուղով հունցված նաշիհ, և մեղքերի քավության համար մեկ տարեկան հորթ։
9 Ղևտացիներին բե՛ր Վկայության խորանի առջև, հավաքի՛ր Իսրայելի բոլոր որդիներին.
10 ղևտացիները թող կանգնեն Տիրոջ առջև, և Իսրայելի որդիներն իրենց ձեռքերը թող դնեն ղևտացիների վրա։
11 Ապա Ահարոնն Իսրայելի որդիների կողմից ղևտացիներին թող նվիրաբերի Տիրոջը, և նրանք թող դառնան Տիրոջ խորանի սպասավորները։
12 Այնուհետև ղևտացիներն իրենց ձեռքերը թող դնեն զվարակների գլխին։ Դրանցից մեկը զոհի՛ր մեղքերի քավության համար, մյուսը՝ իբրև Տիրոջը նվիրված ողջակեզ, որպեսզի քավվեն նրանց մեղքերը։
13 Ապա ղևտացիներին կանգնեցրո՛ւ Տիրոջ առջև, Ահարոնի ու նրա որդիների առջև, և նվիրաբերի՛ր Տիրոջը՝ իբրև ընծա։
14 Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և նրանք իմը կլինեն։
15 Այնուհետև ղևտացիները կանցնեն Վկայության խորանի սպասավորության գործին։ Կսրբես նրանց և իբրև ընծա՝ կնվիրաբերես Տիրոջ առաջ,
16 որովհետև նրանք ինձ ընծա են տրվում Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների կողմից, արգանդ բացող անդրանիկների փոխարեն. նրանց ինձ վերցրի,
17 քանի որ Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդ թե անասուն, ինձ են պատկանում։ Այն օրվանից, երբ հարվածեցի եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին, ես սրանց իմը դարձրի,
18 իսկ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։
19 Իսրայելի որդիներից ես առանձնացրի ղևտացիներին և նրանց տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի Վկայության խորանում կատարեն սպասավորության գործը Իսրայելի որդիների փոխարեն, քավեն Իսրայելի որդիների մեղքերը, որպեսզի Իսրայելի որդիները սրբություններին չդիպչեն»։
20 Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները ղևտացիների հանդեպ վարվեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։
21 Ղևտացիները մաքրվեցին, լվացին իրենց զգեստները և իրենց անձերը հանձնեցին Ահարոնին՝ իբրև ընծա Տիրոջ առջև։ Ապա Ահարոնը կատարեց նրանց մեղքերի քավությունը՝ սրբագործելով նրանց։
22 Այնուհետև ղևտացիներն անցան Վկայության խորանի սպասավորությանը՝ Ահարոնի ու նրա որդիների իշխանության ներքո։ Ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին ղևտացիների վերաբերյալ, այդպես էլ վարվեցին նրանց հետ։
23 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
24 «Ղևտացիներին վերաբերող կարգն այս է. քսանհինգ տարեկանից սկսած միայն կարող են անցնել Վկայության խորանի սպասավորությանը։
25 Հիսուն տարին լրանալուց հետո նրանք պետք է հեռանան սպասավորությունից և այլևս չաշխատեն։
26 Նրանք կարող են օգնել իրենց ղևտացի եղբայրներին՝ կատարելու Վկայության խորանի պահպանության գործը, բայց ոչ սպասավորություն անելու։ Այսպե՛ս կարգավորիր ղևտացիների ծառայությունը»։