Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 35

:
Armenian - NEA
1 Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց բաժին հասած կալվածքներից բնակվելու համար քաղաքներ և այդ քաղաքների շուրջն ընկած ագարակները տան ղևտացիներին։
3 Այդ քաղաքները նրանց բնակության վայրերը թող լինեն, իսկ ագարակները թող լինեն նրանց հոտերի և ամեն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր։
4 Քաղաքների շուրջը գտնվող ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարիսպներից դուրս շուրջանակի երկու հազար կանգուն շառավիղով տարածություն պետք է ունենան։
5 Քաղաքից դուրս՝ արևելյան կողմում, չափե՛ք երկու հազար կանգուն, արևմտյան կողմում՝ երկու հազար կանգուն, հյուսիսային կողմում՝ երկու հազար կանգուն, հարավային կողմում՝ երկու հազար կանգուն։ Դրանց մեջտեղում գտնվող քաղաքը, ինչպես և նրա շուրջն ընկած տարածքը պետք է պատկանեն ղևտացիներին։
6 Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը պետք է լինեն ապաստանի քաղաքներ, որոնք ապաստան պիտի ծառայեն սպանություն գործած փախստականների համար։ Այս քաղաքներից բացի, նրանց պիտի տաք ևս քառասուներկու քաղաքներ։
7 Ղևտացիներին տրվելիք քաղաքների թիվը իրենց արվարձաններով հանդերձ քառասունութը պիտի լինեն։
8 Իսրայելի որդիների ժառանգած կալվածքներից ղևտացիներին տրվելիք քաղաքները պիտի լինեն ըստ նրանց ստացած քաղաքների թվի. շատ ստացողը շատ պիտի տա, քիչ ստացողը՝ քիչ։ Յուրաքանչյուր ցեղ ըստ ժառանգած տարածության քաղաքներ թող տա ղևտացիներին»։
9 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
10 «Դիմի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Դուք ահա Հորդանան գետի վրայով անցնում եք քանանացիների երկիրը։
11 Այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ձեզ համար ապաստան պիտի ծառայեն, որպեսզի այնտեղ փախչի մարդասպանը, նա, ով ակամա սպանել է մեկին։
12 Այդ քաղաքները ձեզ համար սպանվածի ազգականի վրեժխնդրությունից փրկվելու համար ապաստան թող լինեն։ Սպանողը թող մահվան չդատապարտվի, մինչև ժողովրդի դատաստանի առջև չկանգնի։
13 Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը որպես ապաստան թող ծառայեն։
14 Երեք քաղաք տվե՛ք Հորդանան գետի այն կողմում, երեք քաղաք՝ քանանացիների երկրում։
15 Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, այլև օտարականների ու ձեր մեջ պանդխտելու եկածների համար։ Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն, որպեսզի այնտեղ փախչեն բոլոր նրանք, ովքեր ակամա մարդ են սպանել։
16 Եթե որևէ մեկը երկաթե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։
17 Եթե որևէ մեկը քարով հարվածի ու սպանի մեկին, մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։
18 Եթե փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։
19 Սպանվածի մերձավորը թող սպանի մարդասպանին. երբ հանդիպի նրան, թող սպանի։
20 Եթե որևէ մեկը թշնամության հողի վրա հրի մի մարդու կամ չարամտությամբ նրա վրա որևէ իր նետի, ու նա մեռնի
21 կամ քինախնդրության համար ձեռքով հարվածի ու սպանի նրան, հարվածողը մահվան թող դատապարտվի։ Նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Սպանվածի մերձավորը որտեղ հանդիպի նրան, թող սպանի։
22 Իսկ եթե սխալմամբ և ոչ թե թշնամության հողի վրա է հրել նրան, նրա վրա նետել որևէ իր ոչ չար դիտավորությամբ
23 կամ մահ պատճառող քարով առանց չարամտության է հարվածել նրան ու սպանել, սակայն սպանվողը նրա թշնամին չէր, և նա չէր ցանկանում նրան չարիք պատճառել,
24 այդ դեպքում ժողովուրդը հարվածողի և սպանվածի մերձավորի միջև դատ թող անի ըստ հետևյալ դատաստանի.
25 ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։
26 Իսկ եթե սպանողը դուրս գա այն քաղաքի սահմաններից, որտեղ ապաստանել էր,
27 և սպանվածի մերձավորը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս, ապա սպանվածի արյունակիցը թող սպանի մարդասպանին և մահապարտ չդիտվի։
28 Դրա համար էլ մարդասպանը պետք է բնակվի իր ապաստանած քաղաքում, մինչև որ վախճանվի քահանայապետը։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը թող վերադառնա իր կալվածքը։
29 Սա ձեր սերունդների մեջ արդարադատության օրենք թող լինի ձեր բնակության բոլոր վայրերում։
30 Ով մեկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին։ Մեկ հոգու վկայությունը բավարար չէ մահվան վճիռ արձակելու համար։
31 Մահապարտ մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք։ Նա պետք է մահապատժի ենթարկվի։
32 Ապաստան-քաղաք փախած մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք իր կալվածքը վերադառնալու և վերստին այնտեղ բնակվելու համար, մինչև քահանայապետի վախճանվելը։
33 Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։
34 Մի՛ պղծեք այն երկիրը, որտեղ բնակվում եք, և որտեղ ես եմ բնակվում ձեր մեջ, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։