Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 26

:
Armenian - NEA
1 Այդ կոտորածից հետո Տերը խոսեց Մովսեսի ու Եղիազար քահանայի հետ ու ասաց.
2 «Հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելի որդիներին՝ քսան տարեկան և ավելի մեծ, ըստ իրենց նահապետական տների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»։
3 Մովսեսն ու Եղիազար քահանան Մովաբի հովտում՝ Հորդանանի ափին, Երիքովի դիմաց ասացին.
4 «Տերը հրամայել է Մովսեսին հաշվառման ենթարկել քսան տարեկան և ավելի մեծերին»։ Իսրայելի որդիները, որոնք ելան Եգիպտոսից, սրանք են.
5 Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկ որդին, և Ռուբենի որդիները՝ Ենովքը և Ենովքի գունդը, Փաղղուսը և Փաղղուսի գունդը, Քարմին և Քարմիի գունդը,
6 Ասրովնը և Ասրովնի գունդը։
7 Սրանք Ռուբենի գնդերն են. նրանց թիվը 43,730 է։
8 Փաղղուսի որդին՝ Եղիաբը,
9 և Եղիաբի որդիներ Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Սրանք ժողովրդի երևելի մարդկանցից էին. սրանք էին, որ ելան Տիրոջ դեմ՝ Կորխի հետնորդների հետ ապստամբելով Մովսեսի ու Ահարոնի դեմ,
10 և երկիրը, բացելով իր բերանը, կուլ տվեց նրանց ու Կորխին, իր ժողովրդի հետ։ Այդ ժամանակ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգու, որպեսզի մյուսների համար դաս լինի։
11 Սակայն Կորխի որդիները չմեռան։
12 Շմավոնի որդիները և նրանց գնդերը՝ Համուելը և Համուելի գունդը, Համինը և Համինի գունդը, Հաքինը և Հաքինի գունդը,
13 Զարան և Զարայի գունդը, Սավուղը և Սավուղի գունդը։
14 Սրանք են Շմավոնի գնդերը, ըստ հաշվառման՝ 22,200 հոգի։
15 Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսը և Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։
16 Հուդայի որդիներն ու նրանց գնդերն են՝ Սելովմը և Սելովմի գունդը, Փարեսը և Փարեսի գունդը, Զարան և Զարայի գունդը։
17 Փարեսի որդիները՝ Ասրովնը և Ասրովնի գունդը, Համուելը և Համուելի գունդը։
18 Սրանք են Հուդայի գնդերը, ըստ հաշվառման՝ 76,500 հոգի։
19 Իսաքարի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Թովլան և Թովլայի գունդը, Փուան և Փուայի գունդը,
20 Հասուբը և Հասուբի գունդը, Սամրանը և Սամրանի գունդը։
21 Սրանք են Իսաքարի գնդերը, ըստ հաշվառման՝ 64,300 հոգի։
22 Զաբուղոնի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Սարեդը և Սարեդի գունդը, Ալլովնը և Ալլովնի գունդը, Աղելը և Աղելի գունդը։
23 Սրանք են Զաբուղոնի գնդերը, ըստ հաշվառման՝ 60,500 հոգի։
24 Գադի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Սափովնը և Սափովնի գունդը, Անգին և Անգիի գունդը, Սունին և Սունիի գունդը,
25 Ազենին և Ազենիի գունդը, Ադդին և Ադդիի գունդը,
26 Արուադին և Արուադիի գունդը, Արիելը և Արիելի գունդը։
27 Սրանք են Գադի որդիների տոհմերը, ըստ հաշվառման՝ 44,500 հոգի։
28 Ասերի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Համինը և Համինի գունդը, Հեսուն և Հեսուի գունդը, Բարիան և Բարիայի գունդը,
29 Քոբերը և Քոբերի գունդը, Մելքիելը և Մելքիելի գունդը։
30 Իսկ Ասերի դստեր անունն էր Սարա։
31 Սրանք են Ասերի ցեղի գնդերը, ըստ հաշվառման՝ 43,600 հոգի։
32 Հովսեփի որդիներն ըստ իրենց ցեղերի՝ Մանասեն և Եփրեմը։
33 Մանասեի որդիները՝ Մաքիրը և Մաքիրի գունդը։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Գաղաադը և Գաղաադի գունդը։
34 Գաղաադի որդիները՝ Աբիեզերը և Աբիեզերի գունդը, Քեղեգը և Քեղեգի գունդը,
35 Եսրիելը և Եսրիելի գունդը, Սյուքեմը և Սյուքեմի գունդը,
36 Սիմային և Սիմայիի գունդը, Ոփերը և Ոփերի գունդը։
37 Ոփերի որդի Սաղպաադն արու զավակներ չունեցավ, այլ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անուններն են՝ Մաաղա, Նուա, Եգղա, Մեղքա և Թերսա։
38 Սրանք են Մանասեի գնդերը, ըստ հաշվառման՝ 52,700 հոգի։
39 Եփրեմի որդիները՝ Սուտաղան և Սուտաղայի գունդը, Տանաքը և Տանաքի գունդը։
40 Սրանք են Սուտաղայի որդիները. Եդենը և Եդենի գունդը։
41 Սրանք են Եփրեմի գնդերը, ըստ հաշվառման՝ 32,500 հոգի։ Ահա սրանք են Հովսեփի որդիներն ըստ իրենց գնդերի։
42 Բենիամինի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Բալեն և Բալեի գունդը, Ասբերը և Ասբերի գունդը, Հաքերանը և Հաքերանի գունդը,
43 Սափանը և Սափանի գունդը։
44 Բալեի որդիներն են՝ Ադարը և Ադարի գունդը, Նոյեմանը և Նոյեմանի գունդը։
45 Սրանք են Բենիամինի որդիներն ըստ իրենց գնդերի, ըստ հաշվառման՝ 35,500 հոգի։
46 Դանի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Սամին և Սամիի գունդը։ Սրանք են Դանի գնդերն ըստ իրենց գնդերի։
47 Սամիի բոլոր գնդերը, ըստ հաշվառման՝ 64,600 հոգի։
48 Նեփթաղիմի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Ասիելը և Ասիելի գունդը, Գավնին ու Գավնիի գունդը,
49 Հեսերը և Հեսերի գունդը, Սելլեմը և Սելլեմի գունդը։
50 Սրանք են Նեփթաղիմի գնդերը, ըստ հաշվառման՝ 40,300 հոգի։
51 Իսրայելի որդիների ընդհանուր թիվը եղավ 601,730։
52 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
53 «Երկիրը դրանց միջև թող բաժանվի իբրև ժառանգություն ըստ անունների թվի։
54 Մեծաքանակ ցեղին մեծ ժառանգությո՛ւն տուր, փոքրաքանակին՝ փոքր, յուրաքանչյուրին ժառանգությո՛ւն տուր ըստ հաշվառման։
55 Երկիրը թող բաժանվի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետական ցեղերի թող ժառանգություն ստանան։
56 Բազմանդամներն ու սակավաթիվները վիճակ գցելով թող ժառանգեն իրենց բաժինը»։
57 Իսկ Ղևիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են՝ Գեթսոնը և Գեթսոնի գունդը, Կահաթը և Կահաթի գունդը, Մերարին և Մերարիի գունդը։
58 Սրանք են Ղևիի որդիների գնդերը. Ղոբենիի գունդը, Քեբրոնի գունդը, Կորխի գունդը և Մուսիի գունդը։ Կահաթը ծնեց Ամրամին։
59 Նրա կնոջ անունն էր Հովքաբեթ, որ Ղևիի դուստրն էր։ Նա Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու Մարիամին՝ նրանց քրոջը։
60 Ահարոնի որդիներն էին Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
61 Նադաբն ու Աբիուդը մեռան, երբ Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին Սինայի անապատում։
62 Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։
63 Այս է Մովսեսի ու Եղիազար քահանայի կատարած հաշվառումը, Իսրայելի որդիների հաշվառումը, որ կատարվեց Մովաբի հովտում՝ Հորդանանի մոտ, Երիքովի դիմաց։
64 Սրանց մեջ չկար Իսրայելի որդիներից որևէ մարդ, որ Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառման ենթարկված լիներ Սինայի անապատում,
65 քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։