1Իսրայելը բանակեց Սատտիմում, և ժողովուրդը պղծվեց՝ Մովաբի դուստրերի հետ պոռնկանալով։
2Եվ հրավիրեցին նրանց իրենց կուռքերի զոհերին, և ժողովուրդը կերավ նրանց զոհերից ու երկրպագեց նրանց կուռքերին։
3Իսրայելը հարեց Բելփեգովրին, և Տերը խիստ բարկացավ Իսրայելի վրա։
4Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և հրապարակավ պատժի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ զայրույթը վերանա Իսրայելի վրայից»։
5Մովսեսն ասաց Իսրայելի ցեղերին. «Ամեն մեկը թող կոտորի Բելփեգովրին հարած իր հարազատին»։
6Եվ ահա մի իսրայելացի Մովսեսի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի ներկայությամբ, մինչ նրանք լաց էին լինում Վկայության խորանի դռանը, իր եղբորն առաջնորդեց մադիանացի մի կնոջ մոտ։
7Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսը, տեսնելով դա, վեր կացավ ժողովրդի միջից և իր ձեռքն առնելով տեգը՝
8այդ տղամարդու հետևից մտավ կրակարան ու խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից։ Այդ ժամանակ էլ դադարեց Իսրայելի որդիների կոտորածը։
9Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռավ։
10Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
11«Փենեեսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, մեղմեց Իսրայելի որդիների նկատմամբ ունեցած իմ զայրույթը, քանի որ նա նրանց մեջ իմ հանդեպ նախանձախնդրություն դրսևորեց։ Եվ ես Իսրայելի որդիներին իմ բարկությամբ չոչնչացրի։
12Իսկ հիմա այսպես կասես. “Ես ահա նրա հետ խաղաղության ուխտ եմ կնքում։
13Նրան և նրա հետնորդներին հավիտենական քահանայություն եմ խոստանում, որ նա իր Աստծու փոխարեն վրեժխնդիր լինելով՝ քավեց Իսրայելի որդիների մեղքերը”»։
14Մադիանացի կնոջ հետ սպանված իսրայելացի տղամարդու անունը Զամբրի էր։ Նա Սաղովմի որդին էր՝ Շմավոնների նահապետական տան իշխանը,
15իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր։ Նա Մադիամի նահապետական տան Ամովթի ազգի Սուր իշխանի դուստրն էր։
16Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
17«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Թշնամացե՛ք մադիանացիների հետ և հարվածե՛ք նրանց,
18որովհետև նրանք նենգությամբ թշնամություն են անում ձեզ. նրանք ձեզ դավեցին Փոգովրի միջոցով, նաև Մադիամի իշխանի դուստր Քազբիի՝ իրենց քրոջ միջոցով, որն սպանվեց Փոգովրի պատճառով սկսված կոտորածների օրը”»։