1Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար յոթ բագի՛ն կառուցիր և այստեղ ինձ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։
2Բաղակն արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Բաղաամը, և ամեն մի բագինի վրա զվարակ ու խոյ մատուցեց։
3Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մոտ, իսկ ես գնամ. գուցե Աստված ընդառաջ ելնելով երևա ինձ։ Այն, ինչ նա ցույց կտա ինձ, կհաղորդեմ քեզ»։ Բաղակը կանգնեց իր զոհի մոտ։ Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու։ Նա ուղիղ առաջ էր գնում։
4Աստված երևաց Բաղաամին, և Բաղաամն ասաց. «Յոթ բագին պատրաստեցի և ամեն մի բագինի վրա զվարակ ու խոյ մատուցեցի»։
5Աստված Բաղաամի բերանը խոսք դրեց և ասաց. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս խոսիր»։
6Վերադարձավ նրա մոտ, և նա կանգնած էր իր ողջակեզների մոտ։ Նրա հետ էին նաև մովաբացիների բոլոր իշխանները։
7Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Միջագետքից կանչեց ինձ մովաբացիների Բաղակ արքան, Արևելքի լեռներից, և ասաց. “Արի՛, նզովի՛ր Հակոբին ինձ համար, արի՛, անիծի՛ր Իսրայելին ինձ համար”։
8Ինչպե՞ս նզովեմ նրան, որին Տերը չի նզովում, կամ ինչպե՞ս անիծեմ, որին Աստված չի անիծում։
9Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կա մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակվի, ազգերի մեջ չպիտի դասվի։
10Ո՞վ է ճշտել Հակոբի սերնդի թիվը, ո՞վ է հաշվել Իսրայելի տոհմերը։ Երանի՜ ես մեռնեի այդ արդար մարդկանց հետ, և իմ զավակները նրա զավակների պես լինեին»։
11Բաղակն ասաց Բաղաամին. «Այդ ի՞նչ արեցիր։ Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնությամբ օրհնեցի՞ր»։
12Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե չասացի, որ Աստված ինչ դնի իմ բերանը, այն էլ կասեմ»։
13Բաղակն ասաց նրան. «Ինձ հետ արի՛ մի այլ տեղ, որտեղից նրան չես տեսնի, այլ կտեսնես նրա մի մասը, ամբողջությամբ չես տեսնի։ Այնտեղից նրանց անիծի՛ր ինձ համար»։
14Նա վերցրեց նրան ու գնաց Դիտանոց [𝕸 Ցոֆիմ ] ագարակը՝ Կոփածո լեռան գագաթին, այնտեղ կառուցեց յոթ բագին և ամեն մի բագինի վրա մատուցեց մեկական զվարակ ու խոյ։
15Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մոտ, իսկ ես գնամ Աստծուն հարցում անելու»։
16Աստված ընդառաջ եկավ Բաղաամին, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս խոսիր»։
17Եվ վերադարձավ նրա մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ։ Նրա հետ էին նաև մովաբացիների բոլոր իշխանները։ Բաղակը նրան ասաց. «Ի՞նչ խոսեց Տերը»։
18Բաղաամն առակի ձևով ասաց. «Արի՛, Բաղա՜կ, և լսի՛ր, իբրև վկա՝ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփովրի որդի։
19Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։
20Արդ, ես հրաման եմ ստացել, որ օրհնեմ, ուրեմն կօրհնեմ և չեմ հրաժարվի դրանից։
21Հակոբի սերունդները թող նեղություն չկրեն, Իսրայելի մեջ հոգնություն թող չլինի։ Տերը՝ նրա Աստվածը, նրա հետ է, իշխանների փառքն ու պատիվը՝ նրա մեջ։
22Աստվա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից, և նա իբրև միեղջերուի զորություն է նրանց համար։
23Հակոբի մեջ կախարդություն անող չկա, ոչ էլ Իսրայելի մեջ՝ մոգություն։ Ժամանակին թող հայտնվի Հակոբին ու Իսրայելին, ինչ որ Աստված կատարելու է։
24Ահա այդ ժողովուրդը՝ իբրև առյուծի կորյուն, ոտքի պետք է ելնի և իբրև առյուծ պետք է պարծենա։ Նա չի քնի, մինչև չուտի իր որսը, և չխմի խոցոտվածների արյունը»։
25Բաղակն ասաց Բաղաամին. «Լավ, նրան չես անիծում, գոնե մի՛ էլ օրհնիր նրան»։
26Բաղաամը պատասխան տվեց Բաղակին՝ ասելով. «Քեզ հետ չխոսեցի՞, չասացի՞, թե՝ “Աստված ինչ որ ասի ինձ, այն էլ կանեմ”»։
27Եվ Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մեկ այլ տեղ, գուցե դա հաճո լինի Աստծուն, և ինձ համար դու այնտեղից անիծես նրանց»։
28Բաղակը Բաղաամին տարավ Փոգովրի գագաթը, որը դեպի անապատ է ձգվում։
29Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ յոթ բագի՛ն կառուցիր և ինձ համար այստեղ յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։
30Բաղակն արեց այնպես, ինչպես նրան ասել էր Բաղաամը. նա զվարակ ու խոյ մատուցեց ամեն մի բագինի վրա։