Numbers 17
1 Եվ Տերն ասաց Մովսեսին
2 ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. «Այրվածների միջից վերցրե՛ք պղնձե բուրվառները, բայց նրանց օտար կրակը թափե՛ք հեռու։
3 Այդ բուրվառները սրբագործվեցին մեղավորների անձերի գնով։ Այդ բուրվառները դրվագածո թիթեղների՛ վերածիր և դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետև դրանք մատուցվեցին Տիրոջ առջև և սրբագործվեցին։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան թող լինեն»։
4 Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերցրեց պղնձե բուրվառները, որոնք մատուցեցին հրո ճարակ դարձած այրերը, դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց
5 որպեսզի Իսրայելի որդիներին հիշեցնի, որ Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան հարած ամբոխի հետ։ Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով։
6 Հետևյալ օրն Իսրայելի որդիները տրտնջացին Մովսեսի ու Ահարոնի դեմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։
7 Երբ ժողովուրդը համախմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի Վկայության խորան։ Ամպն իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։
8 Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին Վկայության խորանի առջև։
9 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ու ասաց.
10 «Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։
11 Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրա՛կ դիր, դրա վրա խո՛ւնկ լցրու, շտապ տա՛ր բանակատեղի և քավությո՛ւն խնդրիր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է և սկսել է կոտորել ժողովրդին»։
12 Ահարոնը վերցրեց բուրվառը, ինչպես իրեն ասել էր Մովսեսը, և գնաց ժողովրդի մոտ։ Մարդկանց կոտորածն արդեն սկսվել էր։ Ահարոնը խնկարկեց և քավություն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար։
13 Նա կանգնեց սպանված ու կենդանի մարդկանց միջև, և կոտորածը դադարեց։
14 Կոտորվածների թիվը հասավ տասնչորս հազար յոթ հարյուր հոգու՝ չհաշված Կորխի պատճառով մեռածները։
15 Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ՝ Վկայության խորանի դուռը, և կոտորածը դադարեց։
16 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
17 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ըստ իրենց նահապետական տների՝ նրանց ցեղերի բոլոր իշխաններից մեկական գավազա՛ն վերցրու, ընդամենը տասներկու գավազան։ Յուրաքանչյուր իշխանի անունը կգրես իր գավազանի վրա։
18 Ահարոնի անունը կգրես իր գավազանի վրա։ Իսրայելի ամեն մի ցեղ մեկ գավազան է տալու ըստ իր նահապետական տան։
19 Դրանք կդնես Վկայության խորանում, որով այնտեղ պիտի երևամ քեզ։
20 Թող ծաղկի այն մարդու գավազանը, որին ես կընտրեմ։ Դրանով կվերացնեմ Իսրայելի որդիների տրտունջը, որ ուղղված է ձեր դեմ»։
21 Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց իշխանները նրան տվեցին իրենց գավազանները. յուրաքանչյուր իշխան տվեց մեկ գավազան՝ ըստ իրենց նահապետական տան, ընդամենը տասներկու գավազան։ Դրանց մեջ էր նաև Ահարոնի գավազանը։
22 Մովսեսն այդ գավազանները դրեց Տիրոջ առջև՝ Վկայության խորանում։
23 Հաջորդ օրը Մովսեսն ու Ահարոնը մտան Վկայության խորան և տեսան, որ Ղևիի տան՝ Ահարոնի գավազանը ծաղկել է և ճյուղեր արձակել, ծաղիկ է տվել և ընկույզ բռնել։
24 Մովսեսը գավազաններն առավ Տիրոջ առաջից և ցույց տվեց Իսրայելի բոլոր որդիներին։ Նրանք տեսան այդ և ամեն մեկը վերցրեց իր գավազանը։
25 Տերն ասաց Մովսեսին. «Ահարոնի այդ գավազանը դի՛ր մյուս վկայությունների կողքին ի պահ, որպես նշան անհնազանդ որդիների, որպեսզի դադարի նրանց տրտունջն իմ դեմ, և նրանք չմեռնեն»։
26 Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին. նրանք այդպես էլ արեցին։
27 Եվ Իսրայելի որդիները Մովսեսին ասացին. «Մենք կոտորվում, կորչում, նվազում ենք։
28 Ով մոտենում է Տիրոջ խորանին, մեռնում է։ Մի՞թե մենք իսպառ պիտի ոչնչանանք»։