1Արտաշես արքայի քսաներորդ տարվա Քաղսև ամսին ես մայրաքաղաք Շոշում էի։
2Ինձ մոտ եկան իմ եղբայրներից, նաև Հուդայի մարդիկ, և նրանց հարցրի փրկվածների մասին, որոնք ազատվել և վերադարձել էին գերությունից, ինչպես նաև Երուսաղեմի մասին։
3Եվ ինձ ասացին. «Գերությունից փրկվածներն այնտեղ՝ իրենց երկրում, մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, նրա դարպասներն՝ հրկիզված»։
4Երբ այս ամենը լսեցի, նստեցի և լաց եղա, մի քանի օր սուգ արեցի ու պահք պահեցի, աղոթքի կանգնեցի Տիրոջ՝ երկնքի Աստծու առջև
5և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
6թող քո ականջները լսեն, և քո աչքերը տեսնեն։ Լսի՛ր և տե՛ս քո ծառայի աղոթքը, որ ես այսօր մատուցում եմ քո առաջ Իսրայելի որդիների՝ քո ծառաների համար, որոնք նեղության մատնվեցին մեր գործած մեղքերի պատճառով. մեղանչեցինք ես և իմ հոր տունը։
7Քանի որ շատ ծանր կերպով հանցանքների մեջ ընկանք և չպահեցինք քո օրենքը, հրամաններն ու պատվիրանները, որ պատվիրեցիր մեզ քո ծառա Մովսեսի միջոցով։
8Հիշի՛ր, Տե՛ր, այն խոսքը, որ պատվիրեցիր քո ծառա Մովսեսին՝ ասելով. “Եթե դուք չպահեք իմ օրենքը, ես ձեզ կցրեմ հեթանոսների մեջ,
9իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։
10Եվ արդ, սրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որոնց փրկեցիր քո մեծ զորությամբ և բարձր բազկով։
11Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։