1Ո՛վ արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, որի որսը զննվելու է։
2Հարվածի ձայն, անիվի շարժման ձայն, կառքերի շաչյուն, հեծյալների արշավանք,
3զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում. և վերջ չկար նրանց ազգերին, բայց կտկարանան իրենց մարմինների մեջ
4բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։
5«Ահա ես դեմ եմ քեզ,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված,- կբացեմ քո զգեստները և կգցեմ քո երեսի վրա, ազգերին ցույց կտամ քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։
6Քեզ վրա կնետեմ քո պղծություններն ու աղտեղությունները և քեզ խայտառակ կանեմ։
7Եվ կլինի, որ ով քեզ տեսնի, կիջնի և կասի. «Դո՛ւ, խե՛ղճ Նինվե, ո՞վ կլինի, որ հեծեծի քեզ համար», որտեղի՞ց մխիթարություն փնտրենք քեզ համար»։
8Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, Ովնի՛ բաժնեմաս. նա, որ բնակվում է գետերի մեջ, և ջրերը շրջապատել են նրան, որի սկիզբը ծովն է, և ջրերը՝ նրա պարիսպը։
9Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զորությունն են, և չափ չկա նրա փախչելուն. լիբիացիները եղան նրա օգնականները։
10Սակայն նա էլ հողդողդալով գերի կգնա, և նրա մանուկներին քարին կխփեն նրա ճանապարհների սկզբին, նրա բոլոր թանկարժեք իրերի վրա վիճակ կգցեն, և նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կկապվեն։
11Դու կհարբես, կհիմարանաս ու քո թշնամիներից քեզ համար ոտնատեղ կխնդրես։
12Քո բոլոր ամրոցները նման են թզենու պտղի, որ եթե շարժվի, կընկնի ուտողների բերանը։
13Ահա քո ժողովուրդները կանանց նման են քո մեջ. քո երկրի դռներն ամբողջությամբ կբացվեն քո թշնամիների համար, և կրակը կուտի քո նիգերը։
14Պաշարման համար քեզ ջո՛ւր լցրու և ամրացրո՛ւ քո ամրոցները. մտի՛ր ցեխը, կոխոտի՛ր հարդի հետ և պնդացրո՛ւ աղյուսից ավելի։
15Այնտեղ կրակը կուտի քեզ, և սուրը կկործանի քեզ, կուտի քեզ մորեխի պես և կծարավի ջորյակի նման։
16Շատացրիր քո վաճառելիքները երկնքի աստղերի չափ. ջորյակը եկավ ու թռավ,
17խաղաց գրվիճի պես. քո խառնիճաղանջ ամբոխը նման է ցուրտ օրը ցանկապատին կպած մորեխի. արևը ծագեց, և խաղաց ու չճանաչեց իր տեղը։ Վա՜յ նրանց։
18Ընկան քո զորավարները, ո՜վ Աշուրի թագավոր, կոտորվեցին քո զորքերը, քո ժողովուրդը ցրվեց լեռները, և չկա մեկը, որ նրանց հավաքի։
19Թարախակալվեցին քո վերքերը, և քո անկմանը բուժում չկա. բոլորը, որ լսեցին քո գույժը, կծափահարեն քո անկման համար, քանզի ո՞ւմ վրա հանապազ չի գնացել քո չարությունը։