Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Luke 23

:
Armenian - NEA
1 Եվ նրանց ամբողջ բազմությունը, վեր կենալով, նրան տարավ Պիղատոսի մոտ։
2 Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։
3 Իսկ Պիղատոսը հարցրեց նրան և ասաց. «Հրեաների թագավորը դո՞ւ ես»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դու ասացիր»։
4 Պիղատոսը քահանայապետներին և ժողովրդին ասաց. «Այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում»։
5 Իսկ նրանք պնդում էին և ասում, թե ըմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ։
6 Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլեայի մասին, հարցրեց, թե արդյոք այդ մարդը գալիլեացի՞ է։
7 Եվ երբ իմացավ, որ Հերովդեսի իշխանությունից է, հանձնեց՝ նրան տանելու Հերովդեսի մոտ, քանի որ այդ օրերին նա էլ Երուսաղեմում էր։
8 Երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակից ի վեր ցանկանում էր տեսնել նրան, քանի որ հաճախ լսում էր նրա մասին և ակնկալություն ուներ նրա ձեռքով կատարված որևէ նշան տեսնել։
9 Հերովդեսը նրան բազմաթիվ հարցեր տվեց, իսկ Հիսուսը նրան ոչ մի պատասխան չտվեց։
10 Քահանայապետներն ու դպիրները վեր էին կենում և նրան բուռն կերպով ամբաստանում։
11 Հերովդեսն էլ իր զորականների հետ արհամարհեց նրան և ծիծաղելով նրա վրա՝ սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան ու վերստին հանձնեց, որ նրան տանեն Պիղատոսի մոտ։
12 Եվ Պիղատոսն ու Հերովդեսը այդ օրերին բարեկամներ դարձան. մինչ այդ իրար թշնամիներ էին։
13 Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին և ժողովրդին ու ասաց.
14 «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի, և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի և այս մարդու մեջ չգտա մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։
15 Եվ ոչ էլ Հերովդեսը, որի մոտ հրամայեցի, որ Հիսուսին տանեն։
16 Արդ, նա մահվան արժանի ոչինչ չի արել, ուստիև նրան գանահարել կտամ և կարձակեմ»,
17 (որովհետև հարկավոր էր յուրաքանչյուր տոնի առթիվ մի բանտարկյալ արձակել նրանց համար)։
18 Եվ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին և ասում. «Նրան վերացրո՛ւ և արձակի՛ր մեզ համար Բարաբբային»,
19 որը քաղաքում պատահած մի խռովության և սպանության համար բանտարկվել էր։
20 Պիղատոսը նորից սկսեց խոսել, որովհետև կամենում էր Հիսուսին արձակել։
21 Բայց նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»։
22 Եվ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրա մահվան արժանի որևէ հանցանք չգտա. գանահարել կտամ և կարձակեմ»։
23 Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին և ուզում, որ նրան խաչը հանի։ Եվ նրանց ու քահանայապետների ձայներն ավելի էին ուժեղանում։
24 Եվ Պիղատոսը հավանություն տվեց, որ նրանց պահանջը կատարվի։
25 Նա արձակեց Բարաբբային, որը խռովության և սպանության համար բանտ էր նետված, և որին էլ հենց ուզում էին, իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին։
26 Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս. նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։
27 Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։
28 Հիսուսը դարձավ և ասաց նրանց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ լա՛ց եղեք ձեր և ձեր որդիների վրա,
29 որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։
30 Այն ժամանակ մարդիկ կասեն լեռներին՝ “Ընկե՛ք մեզ վրա”, և բլուրներին՝ “Ծածկե՛ք մեզ”,
31 որովհետև, երբ դալա՛ր փայտին այսպես անեն, չորի՛ն ինչ կպատահի»։
32 Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար։
33 Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, իսկ չարագործներին էլ, մեկին աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը, խաչեցին։
34 Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։
35 Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։
36 Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում.
37 «Եթե դու հրեաների թագավորն ես, փրկի՛ր ինքդ քեզ»։
38 Եվ նրա խաչի վրա մի գրություն կար՝ գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով՝ «Սա՛ է հրեաների արքան»։
39 Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։
40 Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։
41 Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։
42 Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։
43 Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։
44 Համարյա կեսօր էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը երեքը. արեգակը խավարեց։
45 Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։
46 Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» ։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։
47 Հարյուրապետը, պատահածը տեսնելով, փառավորեց Աստծուն և ասաց. «Իսկապես այս մարդը արդար էր»։
48 Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել և դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում։
49 Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում, ինչպես նաև կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։
50 Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար, որը հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ և արդար մի մարդ
51 (սա չէր միացել նրանց մտադրություններին ու գործերին)։ Հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը։
52 Նա, Պիղատոսի մոտ գալով, ուզեց Հիսուսի մարմինը։
53 Եվ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրվել։
54 Օրն ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը։
55 Հովսեփի հետևից գնում էին կանայք, որոնք Գալիլեայից էին եկել Հիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինն այնտեղ դրվեց։
56 Վերադարձան, խնկեր և յուղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրենքի համաձայն, հանգիստ արեցին։