Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Luke 22

:
Armenian - NEA
1 Մոտեցավ Բաղարջակերաց տոնը, որը կոչվում էր Պասեք։
2 Իսկ քահանայապետներն ու դպիրները Հիսուսին սպանելու հնար էին փնտրում, բայց վախենում էին ժողովրդից։
3 Ապա սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ տասներկուսի թվում էր։
4 Սա գնաց բանակցեց քահանայապետների, դպիրների և ժողովրդի իշխանավորների հետ, որ Հիսուսին նրանց մատնի։
5 Նրանք ուրախացան և խոստացան Հուդային արծաթ տալ։
6 Եվ նա հանձն առավ ու պատեհ առիթ էր փնտրում՝ ամբոխից մեկուսի նրան մատնելու նրանց։
7 Վերջապես եկավ Բաղարջակերաց օրը, երբ օրենք էր մորթել զատկական գառը։
8 Եվ Հիսուսը ուղարկեց Պետրոսին և Հովհաննեսին ու ասաց. «Գնացե՛ք, պատրաստե՛ք մեզ համար զատկական ընթրիքը, որ ուտենք»։
9 Նրանք ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ պատրաստենք»։
10 Եվ նրանց ասաց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ կհանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացե՛ք նրա հետևից այն տունը, ուր նա կմտնի։
11 Եվ կասեք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։
12 Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն. հենց այնտեղ էլ կպատրաստեք»։
13 Աշակերտները գնացին գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու պատրաստեցին Պասեքը։
14 Երբ ժամը հասավ, Հիսուսը սեղան նստեց, տասներկու առաքյալներն էլ՝ նրա հետ։
15 Եվ նրանց ասաց. «Շատ ցանկացա այս Պասեքի ընթրիքն ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել։
16 Բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքն իր լրումին չհասնի Աստծու արքայության մեջ»։
17 Եվ բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Առե՛ք այս և բաժանե՛ք ձեր մեջ.
18 ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ չգա Աստծու արքայությունը»։
19 Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. ա՛յս արեք իմ հիշատակի համար»։
20 Նույնպես և ընթրիքից հետո բաժակը վերցրեց և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է, որ կնքվում է ձեզ համար թափված իմ արյունով։
21 Բայց ահավասիկ իմ մատնիչի ձեռքն ինձ հետ այս սեղանի վրա է։
22 Մարդու Որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։
23 Եվ նրանք սկսեցին հարցնել իրար մեջ, թե իրենցից ո՛վ է, որ անելու է այդ։
24 Նրանց մեջ վեճ առաջացավ, թե իրենցից ո՛վ պիտի մեծ համարվի։
25 Հիսուսը նրանց ասաց. «Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանց վրա իշխողները բարերարներ են կոչվում։
26 Բայց դուք հանկարծ այդպես չլինեք, այլ ով մեծն է ձեր մեջ, թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։
27 Ո՞վ է ավելի մեծ. սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը։ Չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր»։
28 «Եվ դուք իմ փորձությունների մեջ ինձ հետ մնացիք մինչև այժմ։
29 Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն ինձ խոստացավ տալու արքայությունը,
30 որ կուտեք և կխմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և կնստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին»։
31 Եվ Տերն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։
32 Բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ կրկին ինձ դառնաս, հաստատես քո եղբայրներին»։
33 Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ և՛ բանտ, և՛ դեպի մահ»։
34 Եվ Հիսուսը նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր, դեռ աքաղաղը չկանչած, դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, որ ինձ չես ճանաչում»։
35 Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։
36 Նրանք պատասխանեցին. «Եվ ոչ մի բանի»։ Ապա ասաց. «Իսկ այժմ ով քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի։
37 Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է, որ կատարվի ինձ վրա, թե՝ “Անօրենների հետ դասվեց” ։ Որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվելու է»։
38 Եվ նրանք ասացին. «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա»։ Եվ նրանց ասաց. «Բավական են»։
39 Հիսուսն ըստ իր սովորության ելավ գնաց Ձիթենյաց լեռը. նրա հետևից գնացին նաև աշակերտները։
40 Երբ տեղ հասավ, ասաց նրանց. «Աղոթքի՛ կանգնեք, որ փորձության մեջ չընկնեք»։
41 Եվ ինքը հեռացավ նրանցից մոտ մի քարընկեց, ծնրադրեց, աղոթում էր ու ասում.
42 «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակն ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի»։
43 Նրան երկնքից մի հրեշտակ երևաց և ուժ էր տալիս նրան. նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով աղոթում էր։
44 Նրա քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով։
45 Աղոթքից վեր կենալով՝ եկավ աշակերտների մոտ, բայց նրանց տրտմությունից քնած գտավ
46 ու ասաց. «Ինչո՞ւ եք քնել. վե՛ր կացեք, աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։
47 Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ, և նա՝ Հուդա կոչեցյալը, տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան (քանզի այս նշանն էր տվել նրանց, թե՝ «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրա՛ն բռնեք»)։
48 Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն»։
49 Երբ նրա շուրջը գտնվողները տեսան եղածը, նրան ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»։
50 Եվ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց գցեց նրա աջ ականջը։
51 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, բավ է եղածը»։ Եվ դիպչելով ականջին՝ բժշկեց այն։
52 Եվ քահանայապետների, տաճարի իշխանավորների ու ծերերի կողմից իր վրա եկածներին ասաց. «Ինչպես ավազակի՞ վրա եք գալիս սրերով ու մահակներով.
53 չէ՞ որ միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չբարձրացրիք. սակայն ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը»։
54 Եվ բռնելով նրան՝ տարան և մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։
55 Երբ գավթի մեջ կրակ վառեցին և շուրջը նստեցին, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ։
56 Մի աղախին տեսավ նրան՝ կրակի լույսի մոտ նստած, ուշադիր նայեց նրան ու ասաց. «Սա էլ նրանց հետ էր»։
57 Բայց Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։
58 Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։
59 Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլեացի է»։
60 Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ Եվ նույն պահին, մինչ նա այս էր ասում, աքաղաղը կանչեց։
61 Տերը դարձավ և նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Աքաղաղը չկանչած՝ երեք անգամ կուրանաս, թե ինձ ճանաչում ես»։
62 Եվ դուրս ելնելով՝ Պետրոսը դառնորեն լաց եղավ։
63 Եվ նրան պահպանող մարդիկ ծիծաղում էին նրա վրա, խփում,
64 ծածկում էին նրա երեսը և տանջում, հարցնում էին նրան և ասում. «Դե՛, մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։
65 Եվ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։
66 Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներ և դպիրներ, և Հիսուսին քաշեցին բերեցին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։
67 Նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ էլ, չեք հավատա։
68 Եվ եթե ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա։
69 Բայց սրանից հետո Մարդու Որդին պիտի նստի ամենազոր Աստծու աջ կողմում »։
70 Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք եք ասում, թե ես եմ»։
71 Եվ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայություն է պետք մեզ, որովհետև մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։