Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 8

:
Armenian - NEA
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց հանդերձանքը ու օծության յուղը, մեղքերի քավության զվարակը, երկու խոյերն ու բաղարջ հացերի զամբյուղը
3 և ողջ ժողովրդին հավաքի՛ր Վկայության խորանի դռան առջև»։
4 Եվ Մովսեսն արեց այն, ինչ Տերը հրամայել էր իրեն. նա ժողովրդին հավաքեց Վկայության խորանի դռան առջև։
5 Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Տերը պատվիրել է այսպես անել»։
6 Մովսեսը բերեց Ահարոնին ու նրա որդիներին, լողացրեց նրանց ջրով,
7 Ահարոնին հագցրեց շապիկը և գոտին կապեց նրա մեջքին, գցեց պատմուճանը, դրա վրա դրեց եփուդը և այն եփուդի ժապավեններով ամրացրեց նրա վրա։
8 Եփուդի վրա կապեց լանջապանակը, վերջինիս վրա դրեց Հայտնությունն ու Ճշմարտությունը [𝕸 Ուրիմ և Թումիմ
9 Նրա գլխին դրեց խույրը, խույրի ճակատին ամրացրեց ոսկյա սուրբ թիթեղը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
10 Մովսեսը, վերցնելով օծության յուղից,
11 յոթ անգամ ցանեց զոհասեղանի վրա, օծելով սրբագործեց զոհասեղանը, նրա ողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը։ Ապա օծեց ու սրբագործեց խորանը և խորանում եղած ամեն ինչ։
12 Մովսեսն օծության յուղից հեղեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։
13 Ապա Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին և նրանց պատմուճաններ հագցրեց, նրանց մեջքերին կապեց գոտիներ, գլուխներին դրեց ապարոշներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
14 Մովսեսն այնուհետև մոտ բերեց մեղքերի քավության զվարակը, Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին մեղքերի քավության զվարակի գլխին,
15 Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և իր մատով մեկ առ մեկ քսեց զոհասեղանի եղջյուրներին՝ սրբագործելով զոհասեղանը։ Մնացած արյունը թափեց զոհասեղանի խարսխին։ Այսպես սրբագործեց զոհասեղանը, որպեսզի նրա վրա քավության զոհ մատուցի։
16 Ապա Մովսեսը հանեց փորոտիքի ամբողջ ճարպը, լյարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ամբողջ ճարպը և դրեց զոհասեղանին։
17 Իսկ զվարակը՝ կաշին, միսն ու փորոտիքը, հրով այրեց բանակատեղիից դուրս, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
18 Ապա Մովսեսը մոտ բերեց ողջակեզի խոյը, և Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։
19 Մովսեսը մորթեց խոյը և նրա արյունը շուրջանակի թափեց զոհասեղանի վրա։
20 Նա խոյը կտրատեց ըստ անդամների. գլուխը, անդամ-անդամ կտրտված միսն ու ճարպը դրեց զոհասեղանին,
21 փորոտիքն ու ոտքերը լվաց ջրով և խոյն ամբողջությամբ տեղադրեց զոհասեղանի վրա, քանի որ ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
22 Մովսեսն առաջ բերեց երկրորդ խոյը՝ նվիրագործման խոյը, և Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին,
23 ապա Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի ծայրին ու աջ ոտքի ծայրին։
24 Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին, այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրին ու նրանց աջ ոտքերի ծայրին, իսկ մնացած արյունը շուրջանակի թափեց զոհասեղանի վրա։
25 Վերցրեց ճարպն ու դմակը, փորի վրայի ճարպը, լյարդի բլթակը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ թևը։
26 Նվիրագործման զամբյուղից, որ դրված էր Տիրոջ առաջ, մի բաղարջ հաց վերցրեց, ինչպես նաև ձիթայուղով հունցված մի հաց, և դրեց ճարպի ու աջ թևի վրա։
27 Այդ ամենը դրեց Ահարոնի ձեռքերին ու նրա որդիների ձեռքերին և դրանք ընծայաբերեց Տիրոջը։
28 Ապա Մովսեսը նրանց ձեռքերից վերցրեց այդ ամենը և դրեց զոհասեղանին՝ նվիրագործման ողջակեզի վրա՝ իբրև նվեր և անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես որ պատվիրել էր Տերը։
29 Մովսեսը, վերցնելով նվիրագործման խոյի կուրծքը, նվիրաբերեց Տիրոջը։ Դա Մովսեսի հասանելիք բաժինն էր, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
30 Մովսեսը, վերցնելով օծության յուղից ու զոհասեղանի վրայի արյունից, ցանեց Ահարոնի ու նրա հանդերձանքի, նրա որդիների ու նրանց հանդերձանքների վրա և սրբագործեց Ահարոնին ու նրա հանդերձանքը, նրա հետ նաև նրա որդիներին ու նրանց հանդերձանքները։
31 Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք Վկայության խորանի բակում՝ սուրբ վայրում, և այնտեղ կերե՛ք այն, ինչպես նաև նվիրագործման զամբյուղի հացերը, ինչպես որ պատվիրել էր ինձ Տերը՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։
32 Հացի ու մսի մնացորդը այրե՛ք հրով։
33 Վկայության խորանի դռնից յոթ օր դուրս չեք գա, մինչև ձեր նվիրագործման օրերի լրումը, որովհետև Տերը յոթ օրում պետք է սրբագործի ձեզ։
34 Ինչպես որ այսօր եղավ, Տերը պատվիրել է անել շարունակ՝ ձեր քավության համար։
35 Վկայության խորանի դռանը նստե՛ք յոթ օր՝ գիշեր ու ցերեկ և պահե՛ք Տիրոջ պատվիրանները, որպեսզի չմեռնեք։ Այդպես է ինձ պատվիրել Տերը»։
36 Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։