Leviticus 6
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին՝ ասելով. “Այս է ողջակեզի կարգը. զոհասեղանի վրա այն պետք է մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա այրվող կրակը չպետք է հանգչի։
3 Քահանան կտավե պատմուճան թող հագնի և կտավե անդրավարտիք՝ իր մարմնի վրա։ Կրակով այրված ողջակեզի մոխիրը թող հավաքի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մոտ։
4 Ապա թող հանի իր պատմուճանը և հագնի այլ պատմուճան ու մոխիրը թող տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։
5 Զոհասեղանի վրա վառվող կրակը չպետք է հանգչի։ Քահանան առավոտները դրա վրա թող փայտ ավելացնի, դնի ողջակեզը և փրկության զոհի ճարպը։
6 Կրակը միշտ պիտի վառվի զոհասեղանի վրա ու երբեք չհանգչի”»։
7 «Այս է անարյուն ընծա մատուցելու կարգը, որը Տիրոջ առջև՝ զոհասեղանի դիմաց, պետք է անեն Ահարոնի որդիները՝ քահանաները։
8 Քահանան, իբրև հիշատակի բաժին, մի բուռ պիտի առնի նվիրաբերվող նաշիհից՝ նրա վրա դրված յուղով ու կնդրուկով հանդերձ, և դնի զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար։
9 Մնացած նաշիհը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Այս բաղարջը պիտի ուտվի սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։
10 Այն թթխմորով չպիտի եփվի։ Ինձ հատկացված ընծայի այդ մասը ես իրենց տվեցի։ Դրանք սրբությունների սրբություն են՝ լինի այդ մեղքի զոհ, թե հանցանքների զոհ։
11 Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի Տիրոջը մատուցվելիք նվիրաբերության հավիտենական կարգը ձեր սերունդների մեջ։ Ով որ դիպչի դրանց, կսրբանա»։
12 Տերն ասաց Մովսեսին.
13 «Այս է Ահարոնի ու նրա որդիների ընծան, որ իրենց օծվելու օրը պիտի մատուցեն Տիրոջը. ամենօրյա ընծա՝ մեկ տասներորդ գրիվ նաշիհ. կեսը՝ առավոտյան, կեսը՝ երեկոյան։
14 Յուղով հունցելուց հետո տապակի մեջ պիտի պատրաստվի այն։ Դա կտրտված, մաքուր վիճակում պիտի մատուցվի՝ իբրև Տիրոջն ընծայաբերվող անուշահոտ ընծա։
15 Այս բանը պիտի կրկնի Ահարոնի որդիներից նա, որն օծվելով՝ պիտի հաջորդի նրան։ Սա հավիտենական օրենք է և պիտի կատարվի ամբողջությամբ։
16 Քահանայի բոլոր զոհերը ողջակեզ պետք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտվի»։
17 Տերն ասաց Մովսեսին.
18 «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ՝ ասելով. “Մեղքի համար զոհ մատուցելու կարգն այս է. մեղքի զոհը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզի զոհն են մորթում՝ Տիրոջ առջև։ Դա սրբությունների սրբություն զոհ է։
19 Զոհ մատուցող քահանան պետք է ուտի այն։ Այն պետք է ուտել սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։
20 Այդ մսին դիպչողը կսրբանա, և եթե դրա արյունից ընկնի զգեստի վրա, այն պետք է լվացվի մաքուր վայրում։
21 Կավե անոթը, որի մեջ կեփվի, պետք է ջարդվի, իսկ եթե եփվի պղնձե անոթի մեջ, պետք է այն շփել ու ջրով ողողել։
22 Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից, որովհետև դա Տիրոջը մատուցվող սրբությունների սրբություն զոհ է։
23 Մեղքի ամեն մի զոհ, որի արյան մի մասը բերվում է Վկայության խորան՝ սրբարանում քավություն ստանալու համար, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”։