Leviticus 4
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե մեկն ակամա մեղանչի Տիրոջ առջև, անի բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրանին,
3 եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։
4 Նա արջառը թող բերի Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առջև, իր ձեռքը Տիրոջ առջև թող դնի նրա գլխին, և արջառը թող մորթեն Տիրոջ առջև։
5 Զոհաբերությունը կատարող օծյալ քահանան, իր ձեռքով վերցնելով արջառի արյունից, այն թող տանի Վկայության խորան։
6 Քահանան իր մատը թող թաթախի արյան մեջ, այդ արյունից թող յոթ անգամ իր մատով շաղ տա Տիրոջ առջև՝ սրբարանի վարագույրի մոտ։
7 Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռանը գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։
8 Նա թող հանի մեղքերի քավության համար զոհաբերվող արջառի ճարպը, փորի ճարպաթաղանթը և փորոտիքի ամբողջ ճարպը,
9 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը, երկու երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը.
10 այնպես, ինչպես արվում է փրկության համար զոհաբերվող արջառի դեպքում։ Քահանան այս ամենը թող դնի ողջակեզի զոհասեղանին։
11 Արջառի մորթը, նրա ամբողջ մարմինը գլխի ու ոտքերի, փորոտիքի հետ՝
12 արջառն ամբողջությամբ, թող հանեն բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և փայտի կրակի վրա թող այրեն այն։ Արջառը պետք է այրվի մոխիրը թափելու վայրում։
13 Եթե Իսրայելի ողջ ժողովուրդն ակամա մոլորվի՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ պատվիրանները, և այդպիսով մեղանչի, և այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից,
14 իսկ դրանից հետո հայտնի դառնա նրանց կատարած մեղքը, ժողովուրդն իր գործած մեղքը քավելու համար նախրից առանց արատի մի արջառ թող զոհաբերի։ Այն թող բերեն Վկայության խորանի դռան մոտ,
15 ժողովրդի ծերերը Տիրոջ առջև իրենց ձեռքը թող դնեն արջառի գլխին և Տիրոջ առջև թող մորթեն այն։
16 Օծյալ քահանան արջառի արյունից թող տանի Վկայության խորան
17 և մատը թաթախելով արջառի արյան մեջ՝ Տիրոջ առջև յոթ անգամ թող շաղ տա սրբարանի վարագույրի դիմաց։
18 Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռան մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։
19 Ապա թող հանի ամբողջ ճարպը և դնի զոհասեղանին։
20 Այդ արջառի զոհաբերությունը թող կատարի ըստ մեղքերի քավության համար մատուցվող արջառի զոհաբերության կարգի։ Քահանան նույն կերպ թող կատարի նրանց մեղքի զոհը, և նրանց մեղքերը կներվեն։
21 Արջառն ամբողջությամբ պետք է հանեն բանակատեղիից դուրս և այրեն այնպես, ինչպես նախորդ արջառն այրեցին, որովհետև ժողովրդի մեղքերի համար է։
22 Իսկ եթե մեղանչի իշխանը՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ՝ Աստծու պատվիրանները, և այդպիսով մեղանչի ակամա,
23 և իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, ապա թող ընծա մատուցի այծերից արու և արատ չունեցող մի նոխազ։
24 Նա իր ձեռքը թող դնի նոխազի գլխին, թող այն մորթեն Տիրոջ առջև՝ այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում, քանի որ սա մեղքի զոհ է։
25 Քահանան մեղքերի զոհի արյունը մատով թող քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, ապա մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։
26 Ապա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, փրկության զոհի ճարպի նման։ Քահանան քավություն կանի նրա մեղքերին, և նրա մեղքերը կներվեն։
27 Եթե երկրի բնակիչներից մեկն ակամա մեղք գործի՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ պատվիրանները, և այդպիսով մեղանչի,
28 և երբ իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, իր գործած մեղքի համար թող ընծա մատուցի այծերից էգ և արատ չունեցող մի ուլ։
29 Իր ձեռքը թող դնի նրա գլխին, և մեղքերի քավության համար զոհաբերվող ուլը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում։
30 Քահանան իր մատով թող վերցնի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին։ Մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։
31 Ապա թող հանի ամբողջ ճարպը, փրկության զոհի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա։
32 Իսկ եթե իր մատուցած ընծան ոչխար լինի, թող էգը և արատ չունեցողը մատուցի։
33 Իր ձեռքը թող դնի մեղքի զոհի գլխին, ապա թող մորթեն այն այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում։
34 Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին։ Մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։
35 Ապա թող հանի ամբողջ ճարպը փրկության համար մատուցվող ոչխարի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ որպես ողջակեզ Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա”»։