Leviticus 3
1 «Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է, եթե արջառ է, արու լինի թե էգ, Տիրոջ առջև արատ չունեցողը թող մատուցվի։
2 Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին և մորթի այն Վկայության խորանի դռան մոտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան ողջակեզի զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
3 Փրկության զոհից Տիրոջը թող մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ամբողջ ճարպը,
4 երկու երիկամները, դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը. երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը։
5 Ահարոնի որդիները՝ քահանաները, դրանք թող դնեն ողջակեզի զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։ Այն կրակով այրվող զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
6 Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է ոչխարների ցեղից, արու լինի թե էգ, թող արատ չունեցողը մատուցի։
7 Եթե իր ընծան գառ է, այն թող մատուցի Տիրոջ առջև։
8 Իր ձեռքը թող դնի ընծայի գլխին և մորթի այն Վկայության խորանի դռանը։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան ողջակեզի զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
9 Փրկության զոհից Տիրոջը ընծա թող մատուցեն ճարպը, ողնաշարը՝ զիստերով հանդերձ, փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը,
10 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը. երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը։
11 Այս ամենը քահանան թող դնի զոհասեղանին՝ որպես այրվող զոհ՝ անուշահոտություն Տիրոջ համար։
12 Իսկ եթե իր ընծան այծ լինի, այն թող մատուցի Տիրոջ առջև,
13 իր ձեռքը թող դնի նրա գլխին, թող մորթեն Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դռանը, և Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
14 Եվ դրանից Տիրոջն ընծա թող մատուցեն փորի ճարպաթաղանթը և փորոտիքի ամբողջ ճարպը,
15 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը. երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը։
16 Քահանան դրանք թող դնի զոհասեղանին՝ իբրև ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։ Ողջ ճարպը պատկանում է Տիրոջը։
17 Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։