Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Leviticus 11

:
Armenian - NEA
1 Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին.
2 «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասե՛ք նրանց. “Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել երկրի վրայի բոլոր կենդանիներից։
3 Կարող եք ուտել այն կենդանիները, որոնք թաթահերձ կճղակավորներ են, որոնց թաթերը երկուսի են բաժանված և որոճացողներ են։
4 Մի՛ կերեք այն կենդանիները, որոնք թեև որոճում են, սակայն թաթահերձ կճղակավոր չեն, ինչպես օրինակ ուղտը, որ թեև որոճում է, սակայն կճղակը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։
5 Ինչպես նաև նապաստակը, որ թեև որոճում է, սակայն թաթը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։
6 Նաև ճագարը, որ թեև որոճում է, սակայն թաթը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։
7 Իսկ խոզը, որ թեև թաթահերձ կճղակավոր է, սակայն չի որոճում, այն նույնպես ձեզ համար թող անմաքուր լինի։
8 Դրանց միսը մի՛ կերեք և սատկած մարմիններին մի՛ դիպչեք, որովհետև դրանք ձեզ համար անմաքուր են։
9 Ջրային կենդանիներից կարող եք ուտել նրանք, որոնք ունեն լողակներ ու թեփուկ և ապրում են ջրերում, ծովերում և գետերում։
10 Իսկ ջրերում, ծովերում ու գետերում ապրող բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, մի՛ կերեք. նման բոլոր ծովային կենդանիները անմաքուր են։
11 Եվ քանի որ դրանք անմաքուր են, դրանց միսը չուտեք և սատկած մարմիններին չդիպչեք,
12 քանի որ ջրային այն բոլոր կենդանիները, որ լողակներ ու թեփուկ չունեն, անմաքուր են։
13 Սրանք են այն թռչունները, որ պիղծ են, որոնցից պիտի գարշեք և դրանց միսը պիտի չուտեք. արծիվը, գիշանգղը, ջրարծիվը,
14 անգղը, ցինը և նրանց նմանները,
15 ագռավը և նրա նմանները,
16 ջայլամը, բուն, որորը և նրանց նմանները, բազեն և նրա նմանները,
17 հավապատիրը, հողամաղը, քաջահավը,
18 փարփարը, հավալուսնը, կարապը,
19 արագիլը, քարադրը և նրանց նմանները, հոպոպը և չղջիկը։
20 Չորքոտանի թևավոր միջատներն անմաքուր են,
21 բացի նրանցից, որոնք իրենց ոտքերի վրա սրունք ունեն և դրանցով կարողանում են ոստոստել երկրի վրա։
22 Սրանցից կարող եք ուտել ջորյակը և նրա նմանները, խարագուլը և նրա նմանները, մորեխը և նրա նմանները, օձամարտը և նրա նմանները։
23 Մնացած բոլոր թռչող չորքոտանի միջատներն անմաքուր են։
24 Դրանցով մի՛ պղծվեք։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
25 Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։
26 Բոլոր այն կենդանիները, ուրեմն, որոնք թաթահերձ կճղակավոր են, սակայն չեն որոճում, անմաքուր են, նրանց սատկած մարմիններին դիպչողը մինչև երեկո թող անմաքուր համարվի։
27 Բոլոր կենդանիները, որոնք քայլում են ետևի թաթերով, անմաքուր են։ Ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
28 Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։ Այդ ամենը թող ձեզ համար անմաքուր լինեն։
29 Երկրի վրա սողացող սողուններից ձեզ համար անմաքուր պիտի լինեն աքիսը, մուկը, տիտեռը,
30 մկնաքիսը, գետնառյուծը, բծավոր մողեսը, մողեսն ու խլուրդը։
31 Երկրի վրա սողացող այս սողուններն անմաքուր են, և նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
32 Եվ այն ամենը, ինչի մեջ ընկնի նրանց սատկած մարմինը, անմաքուր կլինի։ Փայտե անոթ կամ հանդերձանք կամ կաշվեղեն կամ քուրձ. այդ ամենը պիտի լվացվի ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի և ապա միայն մաքուր համարվի։
33 Եթե խեցեղեն անոթի մեջ դրանցից ընկնի, անոթի մեջ եղածը կպղծվի, իսկ անոթը պիտի ջարդվի։
34 Ամեն կերակուր, որի վրա պղծված անոթի ջրից կլցվի, կպղծվի, ինչպես նաև այդ անոթի միջի խմելու ջուրը պղծված կլինի։
35 Այն ամենը, ինչի վրա ընկնեն դրանց սատկած մարմինները, կպղծվեն։ Թոնիր թե օջախ, նման դեպքում պիտի քանդեն, քանի որ պղծվել են։ Դրանք անմաքուր պիտի լինեն ձեզ համար,
36 բացի ջրի աղբյուրներից, ջրհորներից ու ջրավազաններից, որոնք միշտ սուրբ պիտի համարվեն։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, թող անմաքուր համարվի։
37 Եթե սատկած մարմին ընկնի սերմացուի մեջ, սերմացուն մաքուր պիտի համարվի,
38 իսկ եթե սերմացուի վրա ջուր լցվի և ապա դրա մեջ կենդանու սատկած մարմին ընկնի, ապա այն անմաքուր կդառնա։
39 Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
40 Այդ սատկած մարմինները վերցնողը պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր համարվի։
41 Երկրի վրա սողացող բոլոր սողուններն անմաքուր են և չի կարելի ուտել։
42 Իրենց փորի վրա սողացողներ՝ չորս ոտք ունեցողներից մինչև բազմոտանի զեռուններ, չի կարելի ուտել, քանի որ անմաքուր են։
43 Ձեզ մի՛ ապականեք երկրի վրա սողացող սողուններ ուտելով, և նրանցով մի՛ պղծեք ձեզ, որպեսզի անմաքուր չհամարվեք։
44 Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, սրբվե՛ք և սո՛ւրբ եղեք, քանի որ սուրբ եմ ես՝ Տերը, ձեր Աստվածը։ Ձեր անձերը մի՛ պղծեք՝ երկրի վրա շարժվող զեռուններ ուտելով։
45 Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեց ձեզ եգիպտացիների երկրից, լինելու ձեր Աստվածը։ Դուք սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։
46 Այս է օրենքը՝ անասունները և թռչունները, ինչպես ջրային, այնպես էլ երկրի վրա շարժվող ամեն մի կենդանի
47 դասակարգելու ըստ մաքուրի և ըստ անմաքուրի և ուսուցանելու Իսրայելի որդիներին, թե ո՛ր կենդանիները կարելի է ուտել, և որոնք՝ ոչ”»։