Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 1

:
Armenian - NEA
1 Տերը կանչեց Մովսեսին, խոսեց նրա հետ Վկայության խորանից՝ ասելով.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը Տիրոջը ընծա մատուցի հոտերից, արջառ կամ ոչխար թող լինի ձեր ընծան։
3 Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։
4 Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին՝ ընդունելի լինելու անձի քավության համար։
5 Ապա թող Տիրոջ առաջ մորթեն զվարակը և քահանաները՝ Ահարոնի որդիները, արյունը թող բերեն ու շաղ տան Վկայության խորանի դռան առջև գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
6 Ողջակեզը թող քերթեն և անդամահատեն։
7 Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրա կրակ թող դնեն և կրակի վրա փայտ դիզեն։
8 Ահարոնի որդիները՝ քահանաները, անդամատված մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։
9 Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
10 Եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան ոչխարների ցեղից է՝ գառ կամ ուլ, թող մատուցի արու և առանց արատի, իր ձեռքը թող դնի նրա գլխին,
11 այն թող մորթեն Տիրոջ առաջ՝ զոհասեղանի հյուսիսային կողմում, և Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։
12 Այն թող անդամատեն և քահանաները գլխով ու ճարպով հանդերձ թող դնեն զոհասեղանի վրա եղած կրակի և փայտի վրա,
13 փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
14 Իսկ եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան թռչուն է, տատրակ կամ աղավնի թող լինի ընծան։
15 Քահանան այն թող մոտ բերի զոհասեղանին, ոլորելով պոկի գլուխը, դնի զոհասեղանին, իսկ արյունը քամի զոհասեղանի խարսխին։
16 Թող պոկի քարաճիկը և իր կեղտով նետի զոհասեղանի մոտ գտնվող մոխրակույտի մեջ։
17 Ապա այն թող ջարդի թևերից, սակայն բաժան-բաժան չանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանի վրայի կրակին դիզված այրվող փայտի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար”»։