Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Exodus 40

:
Armenian - NEA
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես Վկայության խորանը,
3 այնտեղ կդնես Ուխտի տապանակը և տապանակը կծածկես շղարշով։
4 Ներս կտանես սեղանը և դրա վրա կդասավորես հացը։ Ներս կտանես աշտանակը և դրա վրա կդնես նրա ճրագամանները։
5 Խունկ ծխելու ոսկե սեղանը կտեղավորես Ուխտի տապանակի առաջ։ Քողե վարագույր կանցկացնես Վկայության խորանի դռանը։
6 Ողջակեզների զոհասեղանը կդնես Վկայության խորանի դռանը և շուրջանակի կօծես խորանն ու այն ամենը, ինչ նրա մեջ է. դրանց չորսբոլորը կսրբես։
7 Ավազանը կդնես Վկայության խորանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։
8 Բակը շուրջանակի կօծես և կիջեցնես բակի դռան վարագույրը։
9 Կվերցնես օծության յուղը, կօծես խորանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է. կսրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետև դրանք սուրբ կլինեն։
10 Կօծես ողջակեզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը։
11 Կսրբագործես զոհասեղանը, և դա սուրբ սրբություն կլինի։ Կօծես ավազանն ու նրա պատվանդանը և կսրբագործես այն։
12 Ահարոնին ու նրա որդիներին կբերես Վկայության խորանի դռան մոտ և նրանց կլվանաս ջրով։
13 Ահարոնին կհագցնես սրբազան հանդերձանքը, կօծես նրան, կսրբագործես նրան, և նա ինձ համար քահանայություն կանի։ Կբերես նրա որդիներին, նրանց հանդերձանքներ կհագցնես, կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, և նրանք ինձ համար քահանայություն կանեն։ Նրանց քահանայական օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական թող լինի»։
14 Մովսեսն այդ ամենը արեց այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն. նա հենց այդպես էլ արեց։
15 Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսին՝ ամսամուտին, խորանը կանգնեցվեց։
16 Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները,
17 տեղադրեց միջաձողերը, խորանի վրա տարածեց տանիքի ծածկոցները։ Ծածկի երկու շերտերը գցեց խորանի վրա, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
18 Վերցրեց օրենքի քարե տախտակները, դրեց տապանակի մեջ, կրելու ձողերն անցկացրեց տապանակին և Քավությունը դրեց տապանակի վրա։
19 Տապանակը տարավ խորանի ներսը, քաշելով քողաձև վարագույրը՝ ծածկեց Ուխտի տապանակը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
20 Սեղանը դրեց Վկայության խորանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, խորանի վարագույրից դուրս։
21 Դրա վրա Տիրոջ առաջ դասավորեց Առաջավորության հացը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
22 Աշտանակը դրեց Վկայության խորանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմում։
23 Ճրագամանները դրեց դրա վրա՝ Տիրոջ առաջ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
24 Ոսկե սեղանը դրեց Վկայության խորանի մեջ՝ վարագույրի դիմաց։
25 Եվ խունկ ծխեց դրա վրա՝ պատրաստված խունկից, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
26 Նա կախեց խորանի դռան վարագույրը։
27 Ողջակեզների զոհասեղանը դրեց Վկայության խորանի դռան մոտ և դրա վրա ողջակեզներ ու զոհեր մատուցեց, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
28 Ավազանը դրեց Վկայության խորանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր լցրեց,
29 որպեսզի Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը,
30 երբ Վկայության խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մոտենան՝ պաշտամունք կատարելու։ Նրանք լվացվում էին դրա միջի ջրով, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
31 Բակ կառուցեց խորանի ու զոհասեղանի շուրջը և քաշեց բակի դռան վարագույրը։ Մովսեսն այսպես ավարտեց իր ամբողջ գործը։
32 Ամպը ծածկեց Վկայության խորանը, և խորանը լցվեց Տիրոջ փառքով։
33 Մովսեսը չէր կարողանում մտնել Վկայության խորան, որովհետև ամպը ծածկել էր այն, և խորանը լցված էր Տիրոջ փառքով։
34 Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները գնում էին իրենց ամբողջ բազմությամբ,
35 իսկ երբ ամպը չէր վերանում, չէին գնում, մինչև ամպը վերանար,
36 որովհետև Իսրայելի որդիների ողջ երթի ընթացքում ցերեկները խորանի վրա Տիրոջ ամպն էր, գիշերները՝ կրակ։