Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Judges 5

:
Armenian - NEA
1 Այդ օրը Դեբովրան և Աբինեեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին.
2 «Իսրայելի զորավարների առաջնորդության Եվ ժողովրդի հոժարության համար Օրհնեցե՛ք Տիրոջը։
3 Լսե՛ք, թագավորնե՛ր, Ունկնդի՛ր եղեք, նախարարնե՛ր, Ես Տիրոջն եմ երգում, Սաղմոս եմ ասում Իսրայելի Աստծուն։
4 Տե՛ր, երբ դու դուրս եկար Սեիրից, Երբ չվեցիր Եդովմի դաշտերից, Երկիրը շարժվեց, և երկինքը խռովվեց, Ամպերը ջուր ցողեցին։
5 Լեռները շարժվեցին ներկայությունից Տիրոջ՝ նրա որ Սինայից է, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու երեսից։
6 Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Պակասեցին թագավորները, Գնացին շավիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։
7 Իսրայելի մեջ հզորներ չմնացին, չմնացին, մինչև որ մեջտեղ ելավ Դեբովրան, մինչև որ մեջտեղ ելավ Իսրայելի մայրը։
8 Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստվածների. Այն ժամանակ դեռևս անհայտ՝ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝ Քառասուն հազար մարդ՝ Իսրայելի մեջ։
9 Իմ սիրտը նվիրված է այն ամենին, ինչ պատվիրել է Տերն Իսրայելին, Ժողովրդի զորավորնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։
10 Կեսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր, Դատավորների ատյան գնացողնե՛ր,
11 Ձա՛յն տվեք նվագածուներին ցնծացողների մեջ. Այնտեղ թող գովաբանեն արդարությունը Տիրոջ. Նա զորացրեց արդարությունն Իսրայելի մեջ, Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջավ քաղաքները։
12 Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբովրա՛, Արթնացրո՛ւ բյուրավորներին ժողովրդի հետ. Արթնացի՛ր, արթնացի՛ր, խոսի՛ր երգերով։ Զորացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ, Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինեեմի որդի։
13 Այնժամ մեծացավ նրա զորությունը, Տերն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին։
14 Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում. Քո եղբայր Բենիամինը հետևեց քո ժողովրդին։ Իմ մոտից՝ Մաքիրից, խուզարկուներ իջան, Իսկ Զաբուղոնից՝ պատմության դպրի գավազան ունեցող ղեկավարներ։
15 Իսաքարի զորավարները Դեբովրայի և Բարակի հետ էին, Եվ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրա։ Ռուբենի տոհմերում Մեծամեծ հուզմունք կար։
16 Ինչո՞ւ են նստել փարախների մեջ Եվ լսում են ոչխարների մայունը, Որպեսզի անցնեն Ռուբենի կողմը։ Սրտերի մեծ հուզմունք է բարձրացել։
17 Գադը Հորդանան գետի այն կողմում բնակվեց. Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նավերի մեջ։ Ասերը ծովի եզերքին է բնակվում Եվ նրա ծոցերում է ապրում։
18 Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահվան վտանգի մեջ, Եվ Նեփթաղիմի ժողովուրդը վտանգում է իրեն դաշտի բարձունքներում։
19 Թագավորներ եկան և պատերազմեցին, Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագավորները Թանաքի մեջ, Մակեդդովի ջրերի վրա. Ագահությամբ արծաթ չառա։
20 Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից, Պատերազմեցին Սիսարայի դեմ։
21 Կիսոնի հեղեղատը՝ այն հին հեղեղատը, քշեց նրանց. Թող ես կոխոտեմ նրանց, թող իմ ոտքը զորանա։
22 Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի գարշապարները։ Իմ գարշապարները գետնին հավասարեցրին նրանց ահարկու հպարտությունը։
23 “Նզովե՛ք Մարովզ քաղաքը,- ասում է Տիրոջ հրեշտակը,- Անիծելով անիծե՛ք նրա բնակիչներին, Որովհետև Տիրոջն օգնության չեկան, Չեկան մարտնչելու նրա թշնամիների դեմ”։
24 Կանանց մեջ օրհնյալ լինի Հայելը՝ Կինեցի Քաբերի կինը, Օրհնյալ լինի նա կանանց մեջ իր վրանում։
25 Ջուր խնդրեց, իսկ նա կաթ տվեց, Իշխանների ամանով կարագ մատուցեց։
26 Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց, Իր աջը՝ մուրճին՝ իսպառ ջախջախելու և ոչնչացնելու։ Հարվածեց Սիսարային, Ջարդեց նրա ծնոտը, ցիցը խրեց նրա գլխի մեջ և սպանեց։
27 Նա ծանրացած ընկավ նրա ոտքերի, Ընկավ նրա ծնկների միջև, Այնտեղ կորացավ, մինչև որ գետնին փռվեց, ընկավ թշվառականը։
28 Սիսարայի մայրը նայում էր վանդակավոր պատուհանից, Տեսնում էր Սիսարայի մոտից եկողներին, Իսկ նրա կառքն ուշանում էր գալու. - Ինչո՞ւ են նրա կառքի անիվները դանդաղ շարժվում։
29 Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան էին տալիս նրան ու ասում, Հենց ինքն էլ իր խոսքերին պատասխան էր տալիս ու ասում.
30 “Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը, Սիսարայից ստացված գույնզգույն ավարը, Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը, Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։
31 Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։