Judges 4
1 Սամեգարը մեռավ։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։
2 Տերը նրանց մատնեց քանանացիների արքա Հաբինի ձեռքը, որը թագավորում էր Ասովրում։ Նրա զորագլուխը Սիսարան էր, որը բնակվում էր ազգերի Արիսոթում։
3 Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետև Հաբինը ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղում էր Իսրայելին։
4 Այն ժամանակ Իսրայելին դատում էր մարգարեուհի Դեբովրան՝ Լաբիդովթի կինը։
5 Նա բնակվում էր Դեբովրայի արմավենու տակ՝ Ռամայի և Բեթելի միջև, Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա մոտ էին գնում դատերի համար։
6 Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից
7 և քեզ հետ տանես Կիսոնի հեղեղատ, Հաբինի զորագլուխ Սիսարայի, նրա զորքերի ու նրա կառքերի դեմ, և Տերը նրանց քո ձեռքը կմատնի»։
8 Բարակը նրան ասաց. «Եթե ինձ հետ գաս, կգնամ, իսկ եթե ինձ հետ չգաս, չեմ գնա, որովհետև ես չգիտեմ այն օրը, երբ Տերն իր հրեշտակի միջոցով կաջակցի ինձ»։
9 Դեբովրան նրան ասաց. «Անշուշտ կգամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ այդ դեպքում քաջությունը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը կնոջ ձեռքը կմատնի Սիսարային»։ Դեբովրան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։
10 Բարակը Զաբուղոնի որդիներին և Նեփթաղիմի որդիներին կանչեց Կադես։ Տասը հազար մարդ նրա հետևից գնացին. Դեբովրան նույնպես գնաց նրա հետ։
11 Կինեցի Քաբերը, բաժանվելով Մովսեսի աներ Հովբաբի որդի Կինեի որդիներից, իր վրանը կանգնեցրեց Հանգստացողների կաղնու մերձակայքում՝ Կադեսի մոտ։
12 Սիսարային իմաց տվեցին, որ Աբինեեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։
13 Սիսարան Կիսոնի հեղեղատ հավաքեց իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքեր և իր հետ եղող բոլոր զորքերը ազգերի Արիսոթից։
14 Դեբովրան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև սա է այն օրը, որ Տերը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տերն է քո առջևից ընթանում»։ Բարակն իջավ Թաբոր լեռից, նրա հետևից՝ տասը հազար այր։
15 Տերը Բարակի սրի առաջ խուճապի մատնեց Սիսարային և նրա բոլոր կառքերն ու նրա ամբողջ բանակը։ Սիսարան իջավ իր կառքից և հետիոտն փախավ։
16 Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչև ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկավ սրի բերանով, և ոչ ոք չմնաց։
17 Սիսարան հետիոտն փախավ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Ասովրի արքա Հաբինի և կինեցի Քաբերի տան միջև խաղաղություն էր կնքված։
18 Հայելն ընդառաջ ելավ Սիսարային և ասաց նրան. «Արի՛, տե՛ր իմ, արի ինձ մոտ և մի՛ վախեցիր»։ Եվ նա գնաց վրանը՝ նրա մոտ, և նրան ծածկեց ծածկոցով։
19 Սիսարան ասաց նրան. «Մի քիչ խմելու ջո՛ւր տուր ինձ, ծարավ եմ»։ Նա բաց արեց կաթի տիկը, խմեցրեց նրան և ծածկեց նրա երեսը։
20 Սիսարան նրան ասաց. «Դու կանգնի՛ր վրանի դռան մոտ, և եթե մեկը քեզ մոտ գա և քեզ հարցնի ու ասի, թե՝ այդտեղ մարդ կա՞, կասես՝ չկա»։ Եվ կինը ծածկեց նրան իր ծածկոցով։
21 Ապա Քաբերի կին Հայելն առավ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտավ նրա մոտ, ցիցը մխեց նրա ծնոտի մեջ և նրան գետնին գամեց։ Նա տապալվեց նրա ոտքերի առաջ և հոգին փչեց։
22 Եվ ահա Բարակը հետապնդելով գալիս էր Սիսարայի հետևից։ Հայելը նրան ընդառաջ ելավ և ասաց նրան. «Ե՛կ այստեղ, քեզ ցույց տամ այն մարդուն, որին փնտրում ես»։ Նա մտավ նրա մոտ, և ահա Սիսարան ընկած մեռած էր՝ ցիցը նրա ծնոտի մեջ։
23 Տերը՝ Աստված, այդ օրն Իսրայելի որդիների առաջ նվաստացրեց քանանացիների Հաբին թագավորին։
24 Եվ Իսրայելի որդիների ձեռքը գնալով զորանում էր քանանացիների Հաբին արքայի վրա, մինչև որ բնաջնջեցին նրանց։