Judges 17
1 Եփրեմի լեռնից Միքա անունով մի մարդ կար։
2 Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ գողացել էին, և որի համար անիծեցիր գողերին, ահա այն արծաթն ինձ մոտ է, ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ իմ, օրհնյալ լինես Տիրոջից»։
3 Եվ նա իր մորը վերադարձրեց հազար հարյուր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նվիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածո կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։
4 Իսկ Միքան այդ արծաթը մորը վերադարձրեց։ Մայրն առավ երկու հարյուր արծաթ, այն տվեց ձուլողին, նա էլ ձուլածո կուռք շինեց դրանից, որը տեղադրեցին Միքայի տանը։
5 Այդպիսով Միքան իր տանը կռարան ունեցավ։ Նա եփուդ ու թերափ պատրաստեց. նվիրագործեց իր որդիներից մեկին, որը նրա համար քահանա եղավ։
6 Այդ օրերին Իսրայելում թագավոր չկար, և ամեն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։
7 Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, մի պատանի կար, որ ղևտացի էր և այնտեղ էր բնակվում։
8 Այս մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից գնաց պանդխտելու որևէ տեղ, ուր որ պատահի։ Նա ճանապարհորդելով եկավ մինչև Եփրեմի լեռը և մինչև Միքայի տունը։
9 Միքան նրան ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա ասաց. «Ես ղևտացի եմ, Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, գնում եմ պանդխտելու որևէ տեղ, ուր որ պատահի»։
10 Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մոտ, ինձ համար հայր և քահանա՛ եղիր, և ես քեզ ամեն օր [𝕸 տարի ] տասը արծաթ, մի զույգ զգեստ և ռոճիկ կտամ, որով կապրես»։
11 Ղևտացին ապաստանեց այդ մարդու մոտ։ Այս պատանին նրա համար եղավ ինչպես իր որդիներից մեկը։
12 Միքան ղևտացուն նվիրագործեց, և պատանին նրա համար քահանա եղավ և ապրում էր Միքայի տանը։
13 Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք արեց, քանի որ ղևտացին ինձ համար քահանա եղավ»։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար։