Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Judges 16

:
Armenian - NEA
1 Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսավ և մտավ նրա մոտ։
2 Լուրը հասավ գազացիներին, և նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը քաղաքի դարպասի մոտ դարանակալեցին նրան և ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչև առավոտ և սպանենք նրան»։
3 Սամփսոնը քնեց մինչև կեսգիշեր. կեսգիշերին վեր կացավ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը և դրանք նիգերով մեկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրա, տարավ այն լեռան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, և դրանք դրեց այնտեղ։
4 Դրանից հետո նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Ովրեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր։
5 Այդ կնոջ մոտ եկան այլազգիների նախարարները և ասացին. «Խաբի՛ր նրան և տե՛ս, թե ինչո՛ւմ է նրա մեծ զորությունը, և կամ ինչպե՛ս կարող ենք հնար գտնել ու կապել նրան, որ տկարացնենք նրան։ Իսկ մենք ամեն մեկս քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։
6 Դալիլան ասաց Սամփսոնին. «Ասա՛ ինձ, թե ինչո՛ւմ է քո մեծ զորությունը, և քեզ տկարացնելու համար ինչո՛վ պետք է կապել քեզ»։
7 Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ դալար ճյուղերով, կտկարանամ և կդառնամ սովորական մարդկանց նման»։
8 Այլազգիների նախարարները յոթ դալար ճյուղեր բերեցին, և նա դրանցով կապեց նրան
9 ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա ճյուղերը կտրտեց այնպես, ինչպես կկտրտվի կրակից այրված բարակ թելը թափ տալուց։ Եվ այդպես նրա զորության պատճառը չիմացվեց։
10 Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ և սուտ խոսեցիր, գոնե հիմա ասա՛, թե ինչո՛վ կկապվես»։
11 Նա ասաց նրան. «Եթե ինձ կապեն յոթ նոր չվաններով, որոնք գործածված չլինեն, կտկարանամ և կլինեմ սովորական մարդկանց նման»։
12 Դալիլան վերցրեց նոր չվաններ, դրանցով կապեց նրան և ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Դալիլան շտեմարանում դարանակալ նստել էր։ Իսկ Սամփսոնը ասեղի թելի նման կտրտեց և այն թափեց իր բազուկներից։
13 Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև ե՞րբ պիտի խաբես ինձ և սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Նա ասաց նրան. «Եթե իմ գլխի յոթ գիսակները հյուսես շղթայաձև հյուսքերով և ցցերով ամրացնես պատին, կտկարանամ սովորական մարդկանց նման»։
14 Դալիլան քնեցրեց նրան, առավ նրա գլխի յոթ գիսակները շղթայաձև հյուսքերով, ցցերով ամրացրեց պատին և ասաց նրան. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը՝ ոստայնի և հյուսքերի հետ միասին, և չիմացվեց նրա զորության պատճառը։
15 Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ և չասացիր, թե ինչո՛ւմ է քո մեծ զորությունը»։
16 Եվ երբ ամբողջ գիշերը նրան նեղեց խոսքերով, թախանձեց և հոգին հանեց սպանելու չափ,
17 նա ամեն ինչ սրտանց պատմեց նրան և ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետև Աստծու ուխտավոր եմ ես իմ մոր արգանդից, իսկ եթե մազերս կտրեմ, իմ զորությունը կգնա ինձնից, ես կտկարանամ և կդառնամ բոլոր մարդկանց պես»։
18 Երբ Դալիլան տեսավ, որ նա ամեն ինչ սրտանց պատմեց իրեն, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին և ասաց. «Բոլորդ եկե՛ք, որովհետև ամեն ինչ սրտանց պատմեց ինձ»։ Այլազգիների բոլոր նախարարները եկան նրա մոտ և բերեցին արծաթը՝ իրենց ձեռքերին։
19 Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մեջ, վարսավիր կանչեց, որը կտրեց նրա գլխի յոթ գիսակները։ Նա սկսեց թոշնել, և նրանից գնաց նրա զորությունը։
20 Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։
21 Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։
22 Նրա գլխի մազերը կտրելուց հետո սկսեցին աճել։
23 Այլազգիների նախարարները հավաքվեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագովնին, և ուրախանան։ Նրանք ասացին. «Մեր աստվածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։
24 Ապա օրհնում էին իրենց աստվածներին՝ ասելով. «Մեր աստվածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամուն՝ Սամփսոնին, նրան, ով ավերեց մեր երկիրը, ով շատացրեց մեր վիրավորներին»։
25 Երբ նրանց սրտերը զվարթացան, ասացին. «Բերե՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գա»։ Սամփսոնին բանտից բերեցին և ձեռ էին առնում նրան։ Նրան կանգնեցրին երկու սյուների մեջտեղում։
26 Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. «Թո՛ւյլ տուր ինձ շոշափեմ սյուները, որոնց վրա հաստատված է այս տունը, և հենվեմ նրանց»։
27 Տունը լի էր տղամարդկանցով և կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրա կային մոտ երեք հազար կանայք և տղամարդիկ, որոնք դիտում էին, թե ինչպե՛ս են ծաղրում Սամփսոնին։
28 Սամփսոնն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Տե՛ր, զորությունների՛ Տեր, հիշի՛ր ինձ և զորացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստվա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրեժս լուծեմ այս այլազգիներից»։
29 Եվ Սամփսոնը բռնեց կենտրոնական երկու սյուներից, որոնց վրա հաստատված էր տունը, և հենվեց նրանց՝ մեկին աջ ձեռքով, մյուսին՝ ձախ՝
30 ասելով. «Թող ես մեռնեմ այս այլազգիների հետ»։ Եվ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկավ բոլոր նախարարների և նրա մեջ եղած ամբողջ ժողովրդի վրա։ Եվ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահվան պահին, ավելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանության ժամանակ։
31 Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունն իջան, հանեցին նրան և թաղեցին իր հոր՝ Մանովեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի միջև։ Նա Իսրայելի դատավոր եղավ քսան տարի։