John 9
1 Եվ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։
2 Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։
3 Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։
4 Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։
5 Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։
6 Այս ասելով՝ թքեց գետնին, թքով ու փոշով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերին
7 ու ասաց նրան. «Գնա՛ լվացվիր Սիլովամի ավազանում» (որ թարգմանվում է «ուղարկված»)։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։
8 Իսկ հարևանները և նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր և մուրում»։
9 Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, այլ պարզապես նման է նրան։ Իսկ ինքն ասում էր՝ ես եմ։
10 Նրան ասացին. «Իսկ ինչպե՞ս բացվեցին աչքերդ»։
11 Նա պատասխանեց. «Հիսուս անունով մի մարդ կավ շինեց, աչքերս ծեփեց ու ինձ ասաց. “Գնա՛ Սիլովամ և լվացվի՛ր”։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։
12 Նրան ասացին. «Ո՞ւր է նա»։ Նրանց ասաց՝ չգիտեմ։
13 Նրան, որ մի ժամանակ կույր էր, բերեցին փարիսեցիների մոտ
14 (օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց և կույրի աչքերը բացեց)։
15 Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպե՞ս եղավ, որ տեսնում ես»։ Եվ նա ասաց նրանց. «Կավ դրեց աչքերիս վրա, լվացվեցի ու տեսնում եմ»։
16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։
17 Կույրին դարձյալ ասացին. «Իսկ դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Նա ասաց՝ մարգարե է։
18 Հրեաները չէին հավատում, թե նա կույր էր և բժշկվել էր, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին
19 ու հարցրին նրանց՝ ասելով. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թե՝ “Կույր ծնվեց”. իսկ այժմ ինչպե՞ս է տեսնում»։
20 Նրա ծնողները պատասխանեցին. «Գիտենք, որ սա մեր որդին է, և որ կույր ծնվեց.
21 բայց թե ինչպե՛ս է այժմ տեսնում, չգիտենք, կամ թե՝ ո՛վ բացեց դրա աչքերը, նույնպես չգիտենք. հենց իրե՛ն հարցրեք. ինքն արդեն չափահաս է, իր մասին ինքը թող խոսի»։
22 Նրա ծնողներն այսպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։
23 Դրա համար էլ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդեն չափահաս է, հենց իրե՛ն հարցրեք»։
24 Երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, ու ասացին նրան. «Աստծու առաջ ճշմարտությո՛ւնն ասա. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։
25 Իսկ նա ասաց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կույր էի և հիմա տեսնում եմ»։
26 Դարձյալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերն ինչպե՞ս բացեց»։
27 Նրանց պատասխանեց. «Նոր ասացի ձեզ, և չեք լսում, ինչո՞ւ եք ուզում նորից լսել. մի՞թե դուք էլ եք կամենում աշակերտել նրան»։
28 Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ, իսկ մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։
29 Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց. իսկ սրան չգիտենք, թե որտեղի՛ց է»։
30 Մարդը պատասխանեց նրանց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտեք, թե նա որտեղի՛ց է, սակայն իմ աչքերը բացեց։
31 Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։
32 Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թե մեկն ի ծնե կույրի աչքերը բացած լինի։
33 Եթե այդ մարդն Աստծուց չլիներ, որևէ բան անել չէր կարող»։
34 Պատասխան տվեցին և ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մեջ ես ծնված և դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»։ Եվ նրան դուրս հանեցին։
35 Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։
36 Նա պատասխան տվեց. «Տե՛ր, ո՞վ է, որ նրան հավատամ»։
37 Հիսուսը նրան ասաց. «Ե՛վ տեսար նրան, և՛ նա է, ով խոսում է քեզ հետ»։
38 Ու նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր»։ Եվ երկրպագեց նրան։
39 Հիսուսն ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։
40 Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։
41 Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք՝ “Տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում”»։