John 8
1 Ապա ամեն ոք իր տունը գնաց, իսկ Հիսուսը գնաց Ձիթենյաց լեռը։
2 Առավոտյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։
3 Դպիրները, քահանայապետներն ու փարիսեցիները նրա մոտ բերեցին շնության մեջ բռնված մի կնոջ և նրան մեջտեղ կանգնեցնելով՝
4 Հիսուսին ասացին. «Վարդապե՛տ, հանցանքի մեջ բռնված այս կինը հաստատ շնացել է,
5 իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. հիմա դու դրա մասին ի՞նչ ես ասում»։
6 Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։
7 Եվ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա»։
8 Եվ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր։
9 Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։
10 Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։
11 Եվ սա ասաց. «Ո՛չ, Տե՛ր»։ Հիսուսն ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր»։
12 Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։
13 Փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ քո մասին ես վկայում, բայց քո վկայությունը հավաստի չէ»։
14 Հիսուսը պատասխանեց նրանց. «Թեպետ ես ինքս իմ մասին եմ վկայում, սակայն իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք՝ որտեղի՛ց եմ գալիս կամ ո՛ւր եմ գնում։
15 Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում,
16 և եթե թեկուզ մեկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև մենակ չեմ, այլ ես եմ, և ինձ հետ է նաև իմ Հայրը, որն ուղարկեց ինձ։
17 Եվ ձեր Օրենքում իսկ գրված է, թե երկու մարդու վկայությունը ճշմարիտ է։
18 Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որ ուղարկեց ինձ»։
19 Նրան ասացին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ Հորն էլ կճանաչեիք»։
20 Հիսուսն այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։
21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ, ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։
22 Հրեաներն ասացին. «Մի՞թե անձնասպանության պիտի դիմի, քանի որ ասում է՝ “Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”»։
23 Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք՝ այս աշխարհից, իսկ ես վերևից եմ. ես այս աշխարհից չեմ։
24 Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։
25 Նրան ասացին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ խոսում էր ձեզ հետ։
26 Շատ բաներ ունեմ ձեր մասին խոսելու և դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. և ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խոսում աշխարհում»։
27 Սակայն նրանք չհասկացան, որ Հոր մասին էր ասում իրենց։
28 Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։
29 Եվ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան»։
30 Երբ այս բաները խոսեց, շատերը հավատացին նրան։
31 Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։
32 Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ»։
33 Նրան պատասխանեցին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպե՞ս ես ասում, թե՝ ազատ կլինեք»։
34 Հիսուսը պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, ծառա՛ է մեղքին։
35 Եվ ծառան տան մշտական անդամ չի համարվում, իսկ որդին համարվում է։
36 Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։
37 Գիտեմ, որ Աբրահամի սերնդից եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր մեջ։
38 Ես խոսում եմ այն, ինչ տեսա իմ Հոր մոտ, իսկ դուք անում եք այն, ինչ ձեր հորից եք լսել»։
39 Նրան պատասխանեցին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիները լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք։
40 Իսկ այժմ ուզում եք սպանել մի մարդու՝ ինձ. ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, որը լսել եմ իմ Հորից. այդպիսի բան Աբրահամը չարեց։
41 Դուք ձեր հոր գործերն եք անում»։ Արդ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեր Հայրը մեկ է՝ Աստված»։
42 Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ իրապես կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. բայց ոչ թե ինքս ինձ եկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։
43 Դուք իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. որովհետև իմ խոսքը չեք կարողանում լսել։
44 Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
45 Իսկ ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։
46 Ձեզնից ո՞վ կարող է հանդիմանել ինձ մեղքի համար. եթե ճշմարտությունն եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չեք հավատում։
47 Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում, իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք»։
48 Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, թե սամարացի ես դու, և քո մեջ դև կա»։
49 Հիսուսը պատասխանեց. «Իմ մեջ դև չկա, այլ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք անարգում եք ինձ։
50 Ես իմ փառքը չեմ փնտրում. բայց կա մեկը, որ այն փնտրում է ու դատում։
51 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան»։
52 Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մեջ դև կա։ Աբրահամը մեռավ, նաև մարգարեները, իսկ դու ասում ես՝ “Ով իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի”։
53 Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռավ. մեռան նաև մարգարեները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղն ես դնում»։
54 Հիսուսը պատասխանեց. «Եթե ես փառավորեմ ինքս ինձ, իմ փառքը ոչինչ է. իմ Հայրն է ինձ փառավորում, որի մասին դուք ասում եք՝ “Մեր Աստվածն է”,
55 և չեք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. և եթե ասեմ, թե նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախոս կլինեմ. սակայն ես ճանաչում եմ նրան և նրա խոսքը պահում եմ։
56 Աբրահամը՝ ձեր հայրը, շատ էր փափագում իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսավ և ուրախացավ»։
57 Հրեաները նրան ասացին. «Դեռ հիսուն տարեկան էլ չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։
58 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես կամ, նախքան Աբրահամի լինելը»։
59 Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։