John 6
1 Այնուհետև Հիսուսը Գալիլեայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցավ։
2 Նրա հետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։
3 Բայց Հիսուսը լեռ բարձրացավ ու նստեց այնտեղ իր աշակերտների հետ։
4 Մոտ էր Զատիկը՝ հրեաների տոնը։
5 Հիսուսն իր աչքերը վեր բարձրացրեց և տեսնելով, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ, Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։
6 Բայց այս ասում էր՝ նրան փորձելու համար, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ էր անելու։
7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։
8 Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան.
9 «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսքան մարդու համար»։
10 Հիսուսն ասաց. «Նստեցրե՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եվ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։
11 Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։
12 Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։
13 Հավաքեցին և լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որն ավելացել էր ուտողներից։
14 Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։
15 Երբ Հիսուսն իմացավ, որ գալու են իրեն տանելու և բռնի կերպով թագավոր դարձնելու, կրկին միայնակ դեպի լեռը գնաց։
16 Երբ երեկո եղավ, նրա աշակերտները ծովեզերք իջան։
17 Նավակ նստելով՝ գնացին դեպի ծովի մյուս կողմը՝ դեպի Կափառնաում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել,
18 իսկ ծովն ուժգին հողմից փոթորկվում էր։
19 Շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարեզ թիավարելուց հետո տեսան ծովի վրայով քայլող Հիսուսին, որ մոտեցել էր նավակին, և սաստիկ վախեցան։
20 Եվ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։
21 Եվ ուզում էին նավակ հանել նրան, սակայն նավակը շուտով հասավ այն տեղը, ուր գնում էին։
22 Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսավ, որ այնտեղ այլ նավակ չկա, բացի մեկից, որի մեջ մտել էին Հիսուսի աշակերտները, իսկ Հիսուսը իր աշակերտների հետ նավակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։
23 Սակայն Տիբերիայից ուրիշ նավակներ էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ հացն էին կերել։
24 Երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն այդտեղ չէ, և ոչ էլ նրա աշակերտները, նավակներն առան ու եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։
25 Եվ երբ նրան գտան ծովի մյուս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։
26 Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։
27 Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
28 Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»։
29 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործն այս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»։
30 Նրան ասացին. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու հավատանք, ի՞նչ կգործես։
31 Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. “Երկնքից նրանց հաց տվեց ուտելու” »։
32 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէր, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրն է տալիս ձեզ ճշմարիտ հացը երկնքից.
33 որովհետև Աստծու հացը նա է, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»։
34 Նրան ասացին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։
35 Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, չի քաղցի, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։
36 Բայց ես ձեզ ասել եմ, որ ինձ տեսաք և չեք հավատում։
37 Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մոտ, և ով ինձ մոտ գա, դուրս չեմ անի.
38 որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։
39 Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. որպեսզի բոլոր նրանցից, ում Հայրն ինձ է տվել, ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։
40 Քանզի այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք կունենա. և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ»։
41 Իսկ հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։
42 Եվ ասում էին. «Սա Հիսուսը՝ Հովսեփի որդին չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ հիմա ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից իջա»։
43 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք.
44 ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։
45 Մարգարեների գրքերում գրված է. “Եվ ամենքն Աստծուց ուսանած կլինեն” ։ Ամեն ոք, որ լսում է Հորից և սովորում, գալիս է դեպի ինձ։
46 Սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։
47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով հավատում է, հավիտենական կյանք է ունենում։
48 Ես եմ կենաց հացը։
49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։
50 Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով սրանից ուտի, չմեռնի։
51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
52 Բայց հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։
53 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։
54 Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ,
55 քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։
56 Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես էլ՝ նրա մեջ։
57 Ինչպես կենդանի Հայրն առաքեց ինձ, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ ինձ ուտողը կապրի ինձանով։
58 Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։
59 Նա այս բաներն ասաց Կափառնաումի մեջ՝ ժողովարանում ուսուցանելիս։
60 Եվ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է այն լսել»։
61 Հիսուսը, երբ ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է.
62 իսկ արդ, եթե տեսնեք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, որտեղ առա՞ջ էր»։
63 «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։
64 Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Քանի որ Հիսուսն սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, և ով է նա, որ մատնելու է իրեն։ Եվ ասաց.
65 «Դրա համար ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե դա իմ Հորից տրված չէ նրան»։
66 Սրանից նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։
67 Հիսուսը տասներկու աշակերտներին ասաց. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»։
68 Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։
69 Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
70 Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, և ձեզանից մեկը սատանա է»։
71 Նա խոսում էր Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան, և նա տասներկուսից մեկն էր։