Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

John 5

:
Armenian - NEA
1 Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ գնաց։
2 Եվ Երուսաղեմում՝ Ոչխարների ավազանի՝ Պրոբատիկեի մուտքի մոտ, մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, որ հինգ սրահ ուներ։
3 Դրա մեջ պառկած էր հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների մի մեծ բազմություն, որ սպասում էին ջրերի խառնվելուն։
4 Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանն ու ջրերը խառնում. ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով։
5 Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիվանդ էր։
6 Երբ Հիսուսը տեսավ, որ նա պառկած ընկած է, և իմացավ, որ դա երկար ժամանակ է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջանալ»։
7 Հիվանդը պատասխանեց նրան. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի. և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում»։
8 Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛»։
9 Եվ մարդն առողջացավ. վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս։ Օրը շաբաթ էր։
10 Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Օրը շաբաթ է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ»։
11 Բայց նա նրանց պատասխան տվեց և ասաց. «Ով ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ “Վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛”»։
12 Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ “Վերցրո՛ւ մահիճդ և շրջի՛ր”»։
13 Բժշկվածը չգիտեր, թե ո՛վ է նա, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այդտեղից։
14 Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։
15 Մարդը գնաց և հրեաներին պատմեց, որ Հիսուսն էր իրեն բժշկողը։
16 Հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ։
17 Սակայն Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։
18 Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
19 Բայց Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է կատարում, որովհետև ինչ որ Հայրն է անում, նույնը նրա նման և Որդին է գործում։
20 Քանզի Հայրը սիրում է Որդուն, և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան. և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք.
21 որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։
22 Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր Որդուն,
23 որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։
24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։
25 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր լսեն, կապրեն,
26 որովհետև, ինչպես Հայրը կյանքի աղբյուր է, նույնպես և Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։
27 Եվ նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ Մարդու Որդին է։
28 Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում կլինեն, կլսեն նրա ձայնը
29 և դուրս կգան. բարի գործեր կատարածները հարություն կառնեն կյանքի համար, իսկ չար գործեր արածները՝ դատաստանի համար։
30 Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ դատում եմ, ինչպես լսում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց»։
31 «Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ։
32 Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. և դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։
33 Հովհաննեսի մոտ դո՛ւք մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը։
34 Բայց ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ այս ասում եմ, որ դուք փրկվեք։
35 Նա՛ էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։
36 Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինն է. այն գործերը, որոնք Հայրն ինձ տվեց, որ իրականացնեմ. այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ուղարկել ինձ։
37 Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել և ո՛չ էլ նրա երեսն եք տեսել։
38 Եվ ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետև ում նա ուղարկեց, դուք նրան չեք հավատում։
39 Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։
40 Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։
41 Ես մարդկանցից փառք չեմ ընդունում։
42 Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու սերը ձեր մեջ չունեք։
43 Ես եկա իմ Հոր անունով, և ինձ չեք ընդունում։ Իսկ եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։
44 Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։
45 Մի՛ կարծեք, թե ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ։ Կա մեկը, որ իբրև ամբաստանող կկանգնի ձեր դեմ՝ Մովսե՛սը, որի վրա դուք հույս եք դրել։
46 Քանզի եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք նաև ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել.
47 իսկ եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք»։