1Այս է Տիրոջ խոսքը՝ ասված Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում.
2այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։
3Թերևս լսեն, ու ամեն մեկը հետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ հետ կանգնեմ այն չարիքներից, որ մտածում եմ անել նրանց՝ ի պատասխան իրենց չար ընթացքի»։
4Ապա կասես նրանց. այսպես է ասում Տերը. «Եթե ինձ չլսեք, չընթանաք ձեզ համար կարգած իմ օրենքով,
5ականջ չդնեք իմ ծառա մարգարեների խոսքերին, որոնց ես կանխավ ուղարկեցի ձեզ մոտ. ուղարկեցի, բայց դուք չլսեցիք.
6ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։
7Տիրոջ տան մեջ այս խոսքերն ասելիս քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային։
8Իսկ երբ Երեմիան դադարեց խոսելուց՝ ամբողջ ժողովրդին ամեն բան ասելով այնպես, ինչպես նրան հրամայել էր Տերը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը և ասացին. «Դու անպայման պիտի մեռնես,
9որովհետև Տիրոջ անունից մարգարեացար և ասացիր, թե այս տունը պիտի դառնա Սելովմի նման, և այս քաղաքը պիտի ամայանա բնակիչներից»։ Ժողովուրդը Տիրոջ տան մեջ կուտակվեց Երեմիայի դեմ։
10Հուդայի իշխանները, լսելով այս բաները, թագավորի պալատից եկան Տիրոջ տունը և նստեցին Տիրոջ տան նոր դարպասի առաջ։
11Քահանաներն ու սուտ մարգարեներն իշխաններին և ողջ ժողովրդին ասացին. «Այդ մարդը մահվան դատավճռի է արժանի, որովհետև, ինչպես ձեր իսկ ականջներով լսեցիք, մարգարեացավ այս քաղաքի մասին»։
12Իսկ Երեմիան բոլոր իշխաններին և ողջ ժողովրդին ասաց. «Տերն ինձ ուղարկեց այս տան և քաղաքի վերաբերյալ մարգարեանալու այն բոլոր խոսքերը, որ լսեցիք.
13ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տվեք և ակա՛նջ դրեք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, որպեսզի Տերը հետ կանգնի այն չարիքներից, որոնց մասին հայտնեց ձեզ։
14Ես ահավասիկ ձեր ձեռքերում եմ. վարվե՛ք ինձ հետ, ինչպես ձեզ համար օգտակար կամ լավ կհամարեք։
15Բայց լա՛վ իմացեք, որ եթե դուք ինձ սպանեք, անմեղ արյան տակ պիտի ընկնեք դուք և այս քաղաքն ու իր բնակիչները, քանի որ արդարև Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խոսքերը»։
16Իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին և սուտ մարգարեներին. «Այդ մարդը մահվան դատավճռի ենթակա չէ, որովհետև Տիրոջ՝ Աստծու անունից խոսեց մեզ հետ»։
17Երկրի ծերերից մի քանի մարդ ոտքի ելան և ասացին հավաքված ողջ ժողովրդին.
18«Հուդայի արքա Եզեկիայի ժամանակ Միքիա Մորստացին մարգարեացել է և ասել Հուդայի ամբողջ ժողովրդին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Սիոնը, որպես ագարակ, արորով պիտի հերկվի, Երուսաղեմը պիտի վերածվի այգեպանների հյուղակների, իսկ տաճարի լեռը՝ մայրու անտառի”։
19Բայց արդյոք Հուդայի Եզեկիա արքան և համայն Հուդայի երկիրը դրա համար նրան սպանեցի՞ն. մի՞թե չվախեցան Տիրոջից ու չխնդրեցի՞ն Տիրոջը, և Տերը հրաժարվեց այն բոլոր չարիքներից, որ ասել էր նրանց դեմ։ Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ”»։
20Մի մարդ էլ կար՝ կարիաթարիմցի Սամեայի որդի Ուրիան, որ մարգարեություն արեց Տիրոջ անունից. մարգարեություն արեց այս քաղաքի ու այս երկրի վերաբերյալ՝ հար և նման Երեմիայի բոլոր ասածներին։
21Նրա բոլոր խոսքերը լսեցին Հովակիմ արքան, նրա բոլոր մեծամեծներն ու բոլոր իշխանները և ուզում էին սպանել նրան։ Ուրիան լսելով վախեցավ ու փախավ գնաց եգիպտացիների երկիրը։
22Իսկ Հովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքովբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս։
23Նրան այնտեղից հանեցին և բերեցին Հովակիմ արքայի մոտ. սա սրով սպանեց նրան և գցեց հասարակաց գերեզմանոցը։
24Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։