1«Վա՜յ հովիվներին, որ կորցրին ու ցրեցին քո արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։
2Ահա թե ինչու Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այդ հովիվների մասին, որոնք հովվում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց։ Այժմ ահա ես վրեժ եմ լուծելու ձեզնից՝ ձեր չար ընթացքի համեմատ»,- ասում է Տերը։
3«Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։
4Հովիվներ կկարգեմ, որ հովվեն նրանց, և նրանք այլևս չեն վախենա, չեն զարհուրի, ու անխնամ չեն թողնվի»,- ասում է Տերը։
5«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։
6Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։
7Ահա թե ինչու օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասի՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի ժողովրդին հանեց եգիպտացիների երկրից”,
8այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի բոլոր զավակներին դուրս հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, և վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»։
9Մարգարեների համար սիրտս մեջս կտոր-կտոր եղավ, ցնցվեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղված մարդ, գլուխը գինուց կորցրած է մի մարդ՝ Աստծու և նրա մեծավայելուչ փառքի պատճառով,
10քանզի երկիրը լցվել է շնացողներով, նզովքից երկիրը սուգ է բռնել, անապատի արոտավայրերը չորացել են. չար է նրանց ընթացքը, նրանց ուժն էլ այն չէ, ինչ պետք է լինի։
11«Արդարև, մարգարե ու քահանա պիղծ են դարձել. իմ տան մեջ անգամ ես տեսա նրանց չարությունները,- ասում է Տերը։-
12Ահա թե ինչու նրանց ճանապարհն իրենց համար սայթաքուն պիտի դառնա. խավարի մեջ պիտի գայթեն ու կործանվեն նրա մեջ, որովհետև այն տարին, երբ նրանց այցելելու լինեմ, չարիք պիտի բերեմ նրանց վրա,- ասում է Տերը։
13Նաև Սամարիայի մարգարեների մեջ տեսա անօրենություն, քանի որ Բահաղի անունից մարգարեացան և մոլորեցրին իմ ժողովրդին՝ Իսրայելին։
14Երուսաղեմի մարգարեների մեջ ավելի զարհուրելի բաներ տեսա, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստվածների հետևից և զորավիգ դառնում չար ձեռքերին, որպեսզի ոչ մեկը հետ չդառնա իր չար ճանապարհից։ Ամենքն ինձ համար եղան Սոդոմի նման, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի»։
15Դրա համար էլ Զորությունների Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Ահավասիկ ես դրանց ցավեր եմ տալու իբրև կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետև պղծությունը ողջ երկրում տարածվեց Երուսաղեմի մարգարեներից»։
16Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որ ձեզ համար մարգարեություն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց մտքի տեսիլքներից են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։
17Տիրոջ խոսքի դեմ ըմբոստացածներին նրանք ասում են. “Խաղաղությո՜ւն լինի ձեզ”. բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամքի, կամ յուրաքանչյուրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորության, ասում են. “Քո գլխին չարիք չի գալու”։
18Իսկ ո՞վ մնաց Տիրոջ խորհրդի մեջ, ո՞վ լսեց ու անսաց նրա խոսքին։ Ո՞վ լսեց ու ականջ դրեց իմ խոսքին»։
19Ահա մի դղրդոց, որ գալիս է Տիրոջից, նրա բարկությունը մրրկաշարժ պիտի բարձրանա ամբարիշտների վրա, պիտի գա
20Տիրոջ ցասումը և չնահանջի, մինչև որ կատարի և հաստատի իր սրտի փափագը. և դա պիտի իմանան ու գիտակցեն վերջին ժամանակներում։
21«Ե՛ս չուղարկեցի այդ մարգարեներին, սակայն նրանք գնում էին, չխոսեցի նրանց հետ, սակայն նրանք մարգարեություն էին անում։
22Եթե իմ խորհրդի մեջ մնային, ապա իմ խոսքերը լսելի կդարձնեին իմ ժողովրդին, հետ կպահեին նրան իր չար ճանապարհներից, իր չար վարքից։
23Ես մերձավոր Աստված եմ և ոչ թե հեռավոր Աստված,- ասում է Տերը։
24Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։
25Ես լսեցի, թե ի՛նչ են խոսում մարգարեները, որոնք սուտ մարգարեություններ էին անում իմ անունով և ասում. “Ես մի երազ, մի տեսիլ տեսա”։
26Մինչև ե՞րբ պետք է ստությունը տեղ գտնի այդ մարգարեների սրտում, որոնք մարգարեանում են. նրանք իրենց սրտի ցանկությունն են մարգարեանում,
27մտածում են իրենց տեսիլքներով, որ նրանցից ամեն մեկը պատմում է իր ընկերոջը՝ մոռացության տալ իմ ժողովրդին իմ օրենքները, ինչպես նրանց հայրերը Բահաղի միջոցով մոռացության տվեցին իմ անունը։
28Այն մարգարեն, որը տեսիլք ունի, թող պատմի իր տեսիլքը, իսկ ով իմ խոսքն ունի, իմ խոսքը թող հայտնի ճշմարտությամբ։ Ցորենի մոտ ի՞նչ է հարդը,- ասում է Տերը։
29Իմ խոսքերն արդյոք կրակի նման չե՞ն,- ասում է Տերը,- կամ մուրճի, որ քար է կտրում։
30Ահա դրա համար էլ ես դեմ եմ այդ մարգարեներին,- ասում է Տերը,- նրանցից ամեն մեկն իմ խոսքերն է գողանում իր ընկերոջից։
31Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզվից վանում են իմ մարգարեությունը և իրենց քունն են քնում։
32Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին, որոնք մարգարեանում են սուտ տեսիլքներ,- ասում է Տերը,- պատմում են դրանք և իրենց ստությամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես չեմ նրանց ուղարկել, պատվեր չեմ տվել նրանց, և նրանք որևէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին,- ասում է Տերը։
33Եթե այդ ժողովուրդը կամ որևէ մարգարե և կամ քահանա քեզ հարց տան ու ասեն. “Ի՞նչ տեսիլք է դա Տիրոջ կողմից”, ապա նրանց կասես. “Դուք եք տեսիլքը, և ես կործանելու եմ ձեզ”,- ասում է Տերը։
34Մարգարե լինի, քահանա թե ժողովուրդ, ով ասի՝ “Տիրոջ տեսիլքը”, այդ մարդուց և նրա ընտանիքից վրեժխնդիր եմ լինելու։
35Հապա ինչո՞ւ ամեն ոք իր ընկերոջը և կամ ամեն մեկն իր եղբորը չի ասում. “Ի՞նչ պատասխան տվեց Տերը, ի՞նչ խոսեց Տերը”։
36Այլևս մի՛ անվանեք Տիրոջ տեսիլք, քանզի մարդու համար Տիրոջ տեսիլք է դառնում իր խոսքը։ Դուք աղավաղել եք տվել կենդանի Աստծու՝ Զորությունների Տեր մեր Աստծու տեսիլքները։
37Այսպե՛ս ասեք մարգարեին. «Ի՞նչ պատասխան տվեց քեզ Տերը, ի՞նչ խոսեց Տերը»։
38Եթե Տիրոջ տեսիլք եք ասելու, ապա դրա համար Տերն այսպես է ասում. «Քանի որ ասացիք այդ խոսքը՝ Տիրոջ տեսիլք, ես էլ ուղարկեցի ձեզ մոտ՝ պատվիրելու՝ “Մի՛ ասեք Տիրոջ տեսիլք”։
39Ահա թե ինչու ես ձեզ վերցնելու եմ իբրև ավար, իմ աչքի առաջ կործանելու եմ և՛ ձեզ, և՛ այդ քաղաքը, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։
40Ձեզ վրա հավիտենական նախատինք եմ դնելու և հավիտենական անարգանք, որ չեն մոռացվելու»։