Jeremiah 22NEA

1Այսպես է ասում Տերը. «Գնա՛ և իջի՛ր Հուդայի թագավորի տունը և այս խոսքը հայտնի՛ր այնտեղ՝

2ասելով. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագավորդ Հուդայի, որ բազմում ես Դավթի աթոռին, դո՛ւ և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով”։

3Այսպես է ասում Տերը. «Իրավունք ու արդարությո՛ւն արեք, կողոպտվածին փրկե՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ եղեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։

4Եթե այս բանը կատարեք, ապա այդ տան դռներով ներս կմտնեն թագավորներ, որոնք կբազմեն Դավթի աթոռին և կնստեն կառքեր ու կհեծնեն երիվարներ, թե՛ իրենք և թե՛ իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։

5Իսկ եթե չկատարեք այս բաները, ապա իմ անձով եմ երդվում,- ասում է Տերը,- որ ավերակ կդառնա այդ տունը»։

6Ահա այսպես է ասում Տերը Հուդայի թագավորի տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի գլուխը, բայց քեզ ավերակի ու անբնակ քաղաքների կվերածեմ։

7Քո դեմ կհանեմ ավերողներ՝ յուրաքանչյուրին իր տապարով, որոնք կկոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները և կնետեն կրակի մեջ։

8Բազում ազգեր կանցնեն այդ քաղաքի միջով, և յուրաքանչյուրն իր ընկերոջը կասի. “Այդ մեծ քաղաքի հետ Տերն ինչո՞ւ այդպես վարվեց”։

9Ու կպատասխանեն. “Որովհետև թողեցին իրենց Տիրոջ՝ Աստծու ուխտը, երկրպագեցին օտար աստվածներին ու ծառայեցին նրանց”»։

10Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։

11Այսպես է ասում Տերը Հովսիայի որդի Սելենի մասին, որը թագավորեց՝ հաջորդելով իր հայր Հովսիային, և որն այդտեղից դուրս էր եկել. «Նա այլևս չի վերադառնա,

12կմեռնի այնտեղ, որտեղ գերեցին նրան, այլևս այս երկիրը չի տեսնի»։

13Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ։ Նրա մերձավորը նրա համար ձրի գործ է անում և նրա վարձը չի հատուցում նրան։

14Քեզ համար հարմարավետ տուն շինեցիր՝ կառուցելով լուսամուտներով հովասուն վերնատուն, պատելով մայրի փայտի տախտակներով և ներկելով նավթով։

15Եթե դու մայրի փայտից կերտված քո հոր այս տան մեջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագավորելո՞ւ ես։ Թող ո՛չ ուտեն, ո՛չ խմեն, որովհետև իրավունքը, արդարությունն ու բարությունը չճանաչեցին,

16տնանկի իրավունքը չպահեցին և աղքատին չարդարացրին։ «Իսկ դա հենց ինձ չճանաչել չի՞ նշանակում»,- ասում է Տերը։

17Ահավասիկ քո աչքերը և քո սիրտը հակված են ոչ թե դեպի բարություն, այլ դեպի ագահություն, դեպի անպարտ արյունահեղություն, դեպի անիրավություն ու սպանություն։

18Դրա համար էլ Տերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին այսպես է ասում. «Թող այդ մարդու վրա չողբան և չասեն. “Վա՜յ, վա՜յ եղբայր”, թող չկոծեն ու չասեն. “Վա՜յ, վա՜յ տեր, վա՜յ, վա՜յ, սիրելի՛”։

19Թող նա էշի թաղումով թաղվի, թող նեխված Երուսաղեմի դարպասից այն կողմ գցվի»։

20Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։

21Խոսեցի քեզ հետ, երբ դու սխալվեցիր, բայց ասացիր. «Քեզ չեմ լսի»։ Քո մանկությունից սկսած՝ դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին։

22Քո բոլոր հովիվներին քամիները պիտի հովվեն, և քո բոլոր հոմանիները գերության պիտի գնան, որպեսզի այն ժամանակ ամաչես և անարգվես քո բոլոր սիրելիներից։

23Դու, որ Լիբանանում ես բնակվում և ամրացել ես մայրիների մեջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցավերն ու երկունքը, ինչպես ծննդկան կնոջը։

24«Կենդանի եմ ես,- ասում է Տերը։- Դու, Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիա՛, եթե իմ աջ ձեռքին կնիք դառնալու լինես, այդտեղից էլ կկորզեմ քեզ,

25կմատնեմ քեզ քո անձը փնտրողների ձեռքը, նրանց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքը և քաղդեացիների ձեռքը.

26քեզ ու քո մորը կնետեմ օտար երկիր, որտեղ դու չես եղել, և այնտեղ կմեռնեք։

27Նրանք չեն վերադառնա այն երկիրը, ուր իրենք հոգով ուխտած կլինեն վերադառնալ,

28քանզի ինքն ու իր զավակն օտար երկիր ընկան, արհամարհված բերանը տարագիր դարձավ, շպրտվելով անարգվեց Հեքոնիա ասված մարդը, ինչպես անպետք աման, շպրտվեց մի երկիր, որը չէր ճանաչում»։

29Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տերը.

30«Այդ մարդուն համարի՛ր տարագիր այր, նա իր տարիներին չբարգավաճի, թող նրա զավակից տղամարդ չաճի, որ նստի Դավթի աթոռին՝ իբրև Հուդայի տան իշխան»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jeremiah 22.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.