Jeremiah 18NEA

1Երեմիային ուղղելով իր խոսքը՝ Տերն ասաց.

2«Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը և այնտեղ կլսես իմ խոսքերը»։

3Ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում քարերի վրա։

4Մի աման, որը նա պատրաստում էր կավից, ընկավ նրա ձեռքից, բայց նա դարձյալ այն վերածեց մի ուրիշ ամանի, ինչպես որ իր աչքին հաճելի թվաց անել։

5Եվ Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց.

6«Մի՞թե այդ բրուտի պես չեմ կարող անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։ Ահավասիկ,- ասում է Տերը,- ինչպես այդ կավն է բրուտի ձեռքին, այդպես էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։

7Եթե վճիռ կարդամ մի ազգի կամ թագավորության վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու և կործանելու համար,

8և եթե այն ազգը դարձի գա իր չարություններից, որոնց մասին խոսեցի,- ես ևս կզղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց։

9Իսկ եթե վճիռ կարդամ մի ազգի կամ թագավորության մասին՝ նրան շենացնելու և կանգուն պահելու համար,

10բայց նրանք չարություն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին,- ես ևս կզղջամ այն բարիքների համար, որ ասացի, թե կանեմ նրանց։

11Արդ, խոսի՛ր Հուդայի տղամարդկանց ու Երուսաղեմի բնակիչների հետ և կասես նրանց. “Այսպես է ասում Տերը. ահավասիկ ձեր դեմ ես չարիքներ կնյութեմ, ձեր մասին խորհուրդներ կխորհեմ. ամեն ոք թող դառնա իր չար ընթացքից. ուղղե՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները”։

12Բայց նրանք ասում են. “Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետևենք մեր ապստամբություններին, և յուրաքանչյուր ոք իր չար սրտի հաճույքները պիտի անի”»։

13Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Այժմ հարցո՛ւմ արեք ազգերի մեջ՝ ո՞վ է լսել այնպիսի զարհուրելի բան, որ իրոք արեց Իսրայելի կույսը։

14Մի՞թե կցամաքի ջուրը ժայռի ստինքներից, կամ ձյունը՝ Լիբանանից, կամ թե հողմի սաստկությունից ջրերը բռնությամբ հետ կշրջվե՞ն։

15Սակայն ինձ մոռացավ իմ ժողովուրդը. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շավիղները, որոնցով գնալու ճանապարհ չկա.

16իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։

17Ինչպես տապախառն հողմ՝ ես նրանց ցրիվ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրա՛կս և ոչ թե երեսս պիտի ցույց տամ նրանց իրենց կորստյան օրը»։

18Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։

19Լսի՛ր ինձ, Տե՛ր, անսա՛ իմ իրավունքի ձայնին.

20արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։

21Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հավաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք անզավակ ու այրի դառնան, նրանց տղամարդիկ մահվամբ կոտորվեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ։

22Նրանց տներում թող գույժ լսվի, երբ նրանց վրա հանկարծակի ավազակներ բերես, որովհետև նրանք մտադրվեցին բռնել ինձ և իմ դեմ գաղտնի որոգայթներ լարեցին։

23Ո՛վ Տեր, դու իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտավորությունները, քավություն չտաս նրանց անիրավություններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջես, թող նրանք հիվանդությամբ տառապեն քո առաջ, քո բարկության ժամին այդպե՛ս վարվիր նրանց հետ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jeremiah 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.