1Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Քեզ համար կին մի՛ առ,
2և այդտեղ թող քեզ տղաներ ու աղջիկներ չծնվեն»,
3քանզի Տերն այսպես է ասում այն որդիների ու դուստրերի մասին, որ պիտի ծնվեն այդտեղ, նաև նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, ինչպես և նրանց հայրերի մասին, որ այդ երկրում պիտի ունենան նրանց։
4«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։
5Այսպես է ասում Տերը. «Նրանց համար լաց մի՛ լինիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնա և ոչ էլ նրանց վրա սուգ պահիր, որովհետև իմ խաղաղությունը, ողորմությունն ու գթությունը հետ եմ վերցրել այդ ժողովրդից,- ասում է Տերը։ Թե՛ մեծերը և թե՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու,
6նրանց համար արյունբզիկ չեն լինելու և մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու և ոչ էլ թաղման։
7Նրանց սգո հացը մեռնողի վրա մխիթարության համար կտրող չի լինելու, և ոչ էլ նրա հոր ու մոր հիշատակին մխիթարության բաժակ են խմելու։
8Նրանց հետ կերուխումի նստելու համար խնջույքի տուն մի՛ մտիր».
9քանզի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ իմ աչքի առաջ և ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծության և ձայնն ուրախության, ձայնը փեսայի և ձայնը հարսի։
10Եվ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ “Ինչո՞ւ այդ բոլոր մեծ չարիքները Տերը խոսեց մեր դեմ, ի՞նչ անիրավություն կա մեր մեջ կամ ի՞նչ մեղք, որով մեղանչած լինեինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ”,
11նրանց կասես. «Որովհետև ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և գնացին օտար աստվածների հետևից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։
12Բայց դուք այնքան անզգամ եղաք, որ արեցիք ավելին, քան ձեր հայրերը. ահավասիկ դուք յուրաքանչյուրդ ինձ չլսելու համար ընթանում եք ձեր չար սրտերի հաճույքների հետևից։
13Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայեք օտար աստվածներին, բայց ձեզ ողորմածություն չեն անի»։
14«Ահա այս պատճառով էլ օրեր են գալու,- ասում է Տերը,- և այլևս չեն ասի՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց եգիպտացիների երկրից”,
15այլ կասեն՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր արտաքսվել էին, ու նրանց վերստին կպատսպարի իրենց երկրում, որը տվել էր նրանց հայրերին”»։
16«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
17Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողությունից չեն թաքնվել, ոչ էլ նրանց անիրավություններն են ծածկվել իմ աչքերի առաջ։
18Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։
19Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։
20Մի՞թե մարդ ինքն իր համար աստվածներ կշինի. չէ՞ որ նրանք աստվածներ չեն»։
21«Դրա համար էլ այժմ ես նրանց ցույց կտամ իմ ձեռքը, ճանաչել կտամ նրանց նաև իմ զորությունը, ու թող գիտենան, որ իմ անունը Տեր է»։